Նյու Ջերսի նահանգում երեխաների մոտ աուտիզմի դեպքերի թիվը 16 տարվա ընթացքում աճել է 500 տոկոսով

16:05   27 հունվարի, 2023

Նյու Ջերսիում աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) փաստագրված դեպքերի թիվը 2000-2016 թվականներին աճել է 500 տոկոսով, պարզել են Ռութգերսի համալսարանի գիտնականները: Եզրակացությունները հրապարակվել են Pediatrics ամսագրում:

Հետազոտողները Նյու Ջերսիի չորս շրջաններում հայտնաբերել են ԱՍԽ ունեցող գրեթե 5 հազար 8 տարեկան երեխաների։ Դա հինգ անգամ ավելի է, քան 2000 թվականին էր։

Հետաքրքիր է, որ ԱՍԽ-ի տարածվածության աճը չի ուղեկցվել մտավոր հետամնացության տարածվածության աճով: Ուսումնասիրության բոլոր երեխաներից միայն 32,3 տոկոսն է ունեցել մտավոր հետամնացություն: Սա հակասում է նախորդ ուսումնասիրությունների գնահատականներին, որոնք ցույց են տվել, որ աուտիզմ ունեցող երեխաների մինչեւ 75 տոկոսը նույնպես մտավոր հաշմանդամություն ունի:

Գիտնականները նշել են, որ ավելի լավ իրազեկումը կարող է ազդել այն բանի վրա, որ ԱՍԽ-ն ավելի հաճախ է հայտնաբերվում: Բայց առանց մտավոր շեղումների երեխաների շրջանում աուտիզմի դեպքերի հնգապատիկ աճը չի կարող բացատրվել ախտորոշման բարելավմամբ: 

Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ հարուստ թաղամասերից սպիտակամորթ երեխաները ավելի լավ հասանելիություն ունեն ախտորոշմանը: Այն դեպքում, երբ նման միջավայրից երեխան ունի ԱՍԽ առանց մտավոր խանգարումների, ժամանակին ախտորոշվելու նրա հնարավորությունները 50 տոկոսով ավելի մեծ են, քան նույն ախտորոշմամբ աղքատ թաղամասի սեւամորթ երեխայի հնարավորությունները:

Վաղ միջամտությունը եւ վաղ սքրինինգը կարող են նվազեցնել մտավոր խանգարումների զարգացման հավանականությունը: Գիտնականների արդյունքները ցույց են տալիս, որ կարեւոր է անցկացնել համընդհանուր սքրինինգ,  հատկապես ցածր սոցիալ-տնտեսական զարգացում ունեցող շրջաններում։  

 



© NEWS.am Medicine