Արտանետվող գազերի անգամ կարճ ազդեցությունը վատացնում է ուղեղի աշխատանքը. հետազոտություն

19:06   30 հունվարի, 2023

Դիզելային վառելիքից արտանետվող գազերի ընդամենը երկու ժամվա ազդեցությունը փոխում է ուղեղի աշխատանքը, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ե Վիկտորիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health ամսագրում։

Հետազոտողները 25 առողջ մարդու ենթարկել են դիզելային վառելիքից արտանետվող գազերի ազդեցությանը լաբորատոր պայմաններում։ Ուղեղի ակտիվությունը չափել են յուրաքանչյուր ազդեցությունից առաջ եւ հետո, ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) օգնությամբ։

Փորձերը ցույց են տվել, որ արտանետվող գազերի պատճառով նվազել է մասնակիցների ֆունկցիոնալ կապակցվածությունը, ինչը կարեւոր դեր է խաղում հիշողության եւ մտածողության հարցերում, ուղեղի ցանցի բավական ընդգրկուն հատվածներում։ Ուղեղի փոփոխությունները ժամանակավոր են եղել, եւ ուղեղը այդ ազդեցությունից հետո վերադարձել է նորմալ վիճակի։ Գիտնականների կարծիքով՝ հետեւանքները կարող են լինել երկարատեւ անընդհատ ազդեցությունների դեպքում։

Ավելի վաղ փոփոխված ֆունկցիոնալ կապը ցանցում ինքնին կապվում էր կոգնիտիվ  ֆունկցիաների նվազման եւ դեպրեսիայի ախտանշանների հետ։

Հեղինակները նշել են, որ տասնամյակներ շարունակ գիտնականները կարծել են, թե ուղեղը կարող է պաշտպանված լինել օդի աղտոտվածության  վնասակար ազդեցությունից։ Այժմ պարզվել է, որ միանգամայն հնարավոր է, որ արտանետվող գազերը կարող են վատացնել մարդկանց մտածողությունը կամ աշխատելու ունակությունը։



© NEWS.am Medicine