Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Թոշակռուներին կապահովագրի պետությունը. Ավանեսյան

13:36   2 փետրվարի, 2023

Ապահովագրավճարը հաշվարկվելու է ոչ թե մարդու եկամուտներից տոկոսի կամ որևէ արժեքի ձևով, այլ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը.

«Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված է Հայաստանում հիվանդացության հիմնական բեռը կազմող հիվանդությունները հասցեագրելու վրա, բայց պետութունն այս ապահովագրավճարից իրականացնելու է տարբեր չափերի համաֆինանսավորումներ. դա արդեն կախված է լինելու մարդու եկամուտներից, որովհետև Հայաստանը, լինելով սոցիալական պետություն, խոցելի խավերի առողջական, կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար միանշանակ ունենում է իր մասնակցությունը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ արդեն 2024-ին պետպատվերի բոլոր շահառուները կունենան մեկ միասնական ապահովագրական փաթեթ:

Ավանեսյանը հայտնեց, որ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա, և քաղաքացին վճարելու է այդ ամսական վճարները.  «Թոշակառուները 2025-ին ամբողջությամբ կապահովագրվեն պետության կողմից»,- ասաց նա:



© NEWS.am Medicine