Հայաստանում դեղերի շուկայում «մաֆիա» է գործո՞ւմ, ինչո՞ւ են որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում

14:02   2 փետրվարի, 2023

Ներկայումս պայմանավորված կովիդի եւ լոգիսիտիկ շղթաների խախտման արդյունքում ստեղծված իրավիճակով, որոշակի դեֆիցիտ կա համաշխարհային դեղագործական շուկաներում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրգրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բացի դրանից ձմռան ընթացքում ամբողջ աշխարհում ունեինք գրիպի բավական ակտիվ ընթացք: Մենք հնարավորինս անում ենք, որ Հայաստանում ապահովենք անհրաժեշտ բժշկական պարագաների ու դեղերի ներկրումը: Մենք ունենք օրենքով մեզ վերապահված լիազորություններ, որոնց շրջանակներում իրականացնում ենք նման գործառույթներ: Ի՞նչ է ս նշանակում. Երբ գնահատվում է, որ շուկայում որոշակի դեղորայքի դեֆիցիտ կա, ապա որոշում է կայացվում թույլատրել ՀՀ ներկրումը նաեւ եվրոպական արտադրության դեղորայքի ոչ գրանցված տարբերակները:  Մենք շուկան մոնիտորինգ ենք անում շաբաթական կտրվածքով եւ եթե անհրաժեշտություն լինի որոշակի խումբ դեղորայք ավելացնելու, ապա կավելացնենք: Դա վերաբերում է նաեւ հակաբիոտիկներին»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ օնկոլոգիական հիվանդներին բժիշկները թանկարժեք դեղեր են նշանակում, հարազատները կարողանում են Վրաստանից ավելի մատչելի գներով ձեռք բերել, բայց այստեղի բժիշկները դրանք չեն ընդունում, եւ լուրջ կասկածներ կան, որ համակարգված  մաֆիա է գործում, մեկը մյուսին «պաս» են տալիս, Ավանեսյանն արձագանքեց.

«Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար սահմանված դեղորյքը կարող է ձեռք բերել այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Որեւէ ձեւով սա չի կարող սահմանափակվել որեւէ մեկի կողմից: Եթե կան կոնկրետ դեպքեր, խնդրում եմ տրամադրեք մեզ: Մենք ցանկացած ահազանգ քննարկում ենք, գնում ենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք»:



© NEWS.am Medicine