Գիտնականները ստեղծել են սարք, որը թույլ է տալիս մեզի անալիզով հայտնաբերել ուղեղի ուռուցքը

16:21   3 փետրվարի, 2023

Ճապոնացի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս մեզի անալիզով հայտնաբերել ուղեղի ուռուցքը։ Նագոյայի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է ACS Nano-ում։

Ուռուցքների շատ տեսակների վաղ հայտնաբերումը նպաստել է  քաղցկեղի ժամանակ կյանքի տեւողության երկարացմանը, սակայն ուղեղի ուռուցքների դեպքում գոյատեւման ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել ավելի քան 20 տարի:

Դա պայմանավորված է նրանով, որ բժիշկները հաճախ հայտնաբերում են ուղեղի ուռուցքները միայն նյարդաբանական ախտանիշների, ներառյալ շարժման կամ խոսքի խանգարումների առաջացումից հետո, երբ ուռուցքը մեծ չափերի է հասել:

Ճապոնացի գիտնականների ստեղծած սարքը օգնում է մեզի մեջ հայտնաբերել յուրահատուկ CD31 եւ CD63 մեմբրանային սպիտակուցները: Այս նանո չափի մասնիկները մասնակցում են բջիջների, այդ թվում՝ քաղցկեղի բջիջների «հաղորդակցությանը»: Քաղցկեղային բջիջներից շատ արտաբջջային վեզիկուլներ արտազատվում են մեզի միջոցով՝ առանց քայքայվելու:

Գիտնականները սարքը փորձարկել են քաղցկեղով հիվանդ եւ առողջ մարդկանց մեզի նմուշների վրա։ Դրանք ցույց են տվել, որ CD31 եւ CD63 մեմբրանային սպիտակուցների պարունակությունը քաղցկեղով հիվանդների մեզի մեջ ավելի քան երկու անգամ ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ։

Հետագայում սարքը թույլ կտա առանց բարդ թեստերի ախտորոշել գլխուղեղի քաղցկեղը, ինչը կբարձրացնի ուռուցքների վաղ հայտնաբերման եւ հաջող վիրահատական ​​միջամտության հավանականությունը։ Այս ուսումնասիրությունը կարող է կարեւոր նշանակություն ունենալ քաղցկեղի այլ տեսակների հայտնաբերման համար:



© NEWS.am Medicine