Պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին մեկ օրում երեք բացառիկ ու ծանր վիրահատություն է արել Երևանում

21:48   5 փետրվարի, 2023

Մոսկվայի գլխավոր մանկական վիրաբույժ, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին մեկ օրում երեք բացառիկ ու ծանր վիրահատություն է արել Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հետ միասին։Այս մասին հայտնում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից։ 

Առաջին դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

1 տարեկան 8 ամսական երեխայի մոտ բնածին բացակայում էր կերակրափողը: Նման վիրահատություններն արվում են սովորաբար մինչև 1 տարեկանը, այս դեպքում երեխան զարգացվածության ու քաշի խնդիր ուներ: Նորածնային շրջանում կատարվել է Էզոֆագոստոմայի ու գաստրոստոմայի միջամտություններ, որոնցով փոքրիկը կարողացել է սնվել: Բժիշկները սպասել են մինչև փոքրիկի քաշը հասնի նորմային:

Պրոֆեսոր Ռազումովսկին գոհ է վիրահատությունից, 20-ից ավելի նման վիրահատություն է արել հայ գործընկերների հետ, ասում է՝ ամեն բան կարգին է անցել, ծանր վիրահատությունից հետո ակնկալիք կա, որ փոքրիկի մոտ դրական տեղաշարժը չի ուշանա:

Վիրահատության գումարը փոխհատուցել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:

Երկրորդ դեպքում կատարվել է շնչափողի պլաստիկ վիրահատություն

12 տարեկան աղջիկը տուժել էր ավտովթարից ու տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Սրունքի ու ծնոտի կոտրվածքի համար երեխան վիրահատվել էր, մի քանի օր շարունակ մնացել ինտուբացված ու արհեստական շնչառության սարքին միացված:

Դուրս գրվելուց հետո նրա մոտ նկատվել է շնչառական խզզոցներ ու դժվարաշնչառություն, որից հետո կրկին դիմել են բուժկենտրոն: Ախտորոշվել է շնչափողի նեղացում: Պրոֆեսոր Ռազումովսկու և պրոֆեսոր Եղիա Կարապետյանի հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է կատարել շնչափողի նեղացած հատվածի մասնահատում և պլաստիկա:

Երրորդ դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

4 տարեկան երեխայի մոտ գրանցվել էր կերակրափողի քիմիական այրվածք: Աղջիկը քիմիական նյութ էր խմել, որն օգտագործվում է գազօջախների մաքրման համար և ստացել քիմիական այրվածք: Տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ու շուրջ մեկ տարի մնացել բժիշկների հսկողության տակ:

Կատարվել էին կերակրափողի բուժումներ, որոնք էֆեկտիվ ազդեցություն չէին ունեցել, քանի որ հիմնային այրվածքների մեծ մասը չի հաջողվում բուժել:

Երեխան վիրահատվել է, կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում:

Երեք դեպքում էլ երեխաները կմնան բժիշկների հսկողության տակ: Հետվիրահատական շրջանն առանց բարդությունների անցնելու դեպքում երեխաները կվերադառնան առօրյա իրենց կյանք:

Վիրահատությունների համար օժանդակել է «Спеши к добру» ռուսաստանյան հիմնադրամը:

 



© NEWS.am Medicine