Անհետաձգելի բժշկության հայտնի մասնագետ Շարոն Անուշ Չեքիջյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

12:32   6 փետրվարի, 2023

Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Անուշ Չեքիջյանը  մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Շարոն Չեքիջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն է գլոբալ անհետաձգելի օգնությունը, այդ ոլորտում համակարգերի զարգացումը, ոչ կանխամտածված  վնասվածքների կանխարգելումը, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում կաթվածի և սրտաբանական օգնությունը։ Դր․Չեքիջյանը ղեկավարել և մասնակցել է ծրագրերի ՀՀ-ում, Ուգանդայում և Իրաքում, հանդիսացել է Համաշխարհային բանկի և ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու։

Հանդիսանում է ՀՀ կաթվածի նախաձեռնության (SIATA) խորհրդատվական խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինտիտուտի հրավիրված պրոֆեսոր: 2020թ․-ին ստացել է Ֆուլբրայթի գրանտ ՀՀ անհետաձգելի բուժօգնությունը բարելավելու՝ անհետաձգելի բուժօգնության ռեզիդենտուրայի նոր ծրագրի ստեղծման համար, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջության դպրոցի և ԱԱԻ հետ համագործակցությամբ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023թ․ հուլիսի 6-8-ը Երևանում։



© NEWS.am Medicine