L'Oréal-ի դեմ 60 հայց է ներկայացվել՝ քաղցկեղ առաջացնող արտադրանքի պատճառով

21:25   7 փետրվարի, 2023

Իլինոյսի դաշնային դատարանը L'Oréal USA Inc-ի եւ այլ ընկերությունների դեմ մոտ 60 հայց կլսի, քանի որ մազերն ուղղելու համար նրանց արտադրանքում պարունակվում են բաղադրիչներ, որոնք քաղցկեղ եւ այլ առողջական խնդիրներ են առաջացնում: Այս մասին գրում է BoF-ը։

ԱՄՆ-ում առնվազն 57 հայց է ներկայացվել դաշնային դատարաններ՝ կապված կոսմետիկ արտադրանքի քիմիական բաղադրության հետ, դրանք օգտագործվում են գանգուր մազերը մշտապես ուղղելու համար: Հայցերում ասվում է, թե ընկերություններն իմացել են, որ իրենց արտադրանքը վտանգավոր նյութեր է պարունակում, բայց, միեւնույն է, շարունակել են վաճառել դրանք:

Գործերը վերաբերում են L'Oréal-ի ամերիկյան դուստր ձեռնարկությանը՝ SA-ին եւ հնդկական Godrej SON Holdings Inc. ու Dabur International Ltd. ընկերությունների դուստր ձեռնարկություններին:

Առաջին հայցերը ներկայացնելուց հետո համացանցում հրապարակված հայտարարության մեջ L'Oréal-ը հաստատել է, որ «վստահ է արտադրանքի անվտանգության մեջ եւ կարծում է, որ իր դեմ վերջին հայցերն իրավական հիմք չունեն»:

Հայցերը հաջորդել են հոկտեմբերին Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության հրապարակմանը: Վերլուծությունը ցույց է տվել, որ կանանց մոտ, որոնք տարին մի քանի անգամ օգտագործում են այդ արտադրանքը, արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի քան երկու անգամ մեծանում է։

 



© NEWS.am Medicine