Վիրաբույժները մկրատը մոռացել են բրազիլացի քաղաքական գործչի որովայնում

19:29   8 փետրվարի, 2023

Բժիշկները վիրահատական մկրատը մոռացել են Նովա-Սանտա-Էլենայի քաղաքային խորհրդի անդամ, 46-ամյա Քլեյթոն Զենատայի որովայնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Տղամարդը խոռոչային վիրահատություն է տարել, որի ժամանակ հեռացրել են նրա աղիքային ուռուցքը։ Վիրահատական միջամտությունը կատարվել է Կոլիդեր շրջանի հիվանդանոցում։ Այն բանից հետո, երբ տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա մոտ որովայնի ուժեղ ցավեր են սկսվել:

Զենատան կրկին բժշկական օգնության է դիմել։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նրա որովայնում օտար մարմին՝ վիրահատական մկրատ կա, որը բժիշկը մոռացել է վիրահատության ժամանակ։ Քաղաքական գործչին շտապ հոսպիտալացրել են երկրորդ վիրահատության համար։ Երկու օր անց նրան դուրս են գրել։

Զենատան ասել է, որ մինչ այժմ ստիպված է անալիզներ հանձնել։ Բացի այդ, այժմ քաղաքական գործիչը գլխացավից է տառապում։ Բժիշկները դա բացատրում են նրանով, որ նա մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկու անզգայացում է տարել։

Նահանգի առողջապահության վարչությունը հետաքննություն է անցկացնում բուժհաստատությունում, որպեսզի պարզի, թե ինչու է վիրաբուժական գործիքը մնացել պացիենտի որովայնում։ Քաղաքական գործիչը դեռ չի որոշել՝ դատի տա արդյոք հիվանդանոցին ու վիրահատությունը կատարած վիրաբույժին։

 



© NEWS.am Medicine