Հայտնի ուռուցքաբան Նոռա Փաշայանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

18:47   24 փետրվարի, 2023

Քաղցկեղի կիրառական հետազոտությունների պրոֆեսոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի հանրային առողջության խորհրդական, Լոնդոնի համալսարանական քոլեջի քաղցկեղի կիրառական հետազոտությունների բաժնի ղեկավար և Քաղցկեղի վաղ ախտորոշման միջազգային ալյանսի կրթական ուղղության տնօրեն Նոռա Փաշայանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Նոռա Փաշայանն ուսանել է կենսաբանություն, այնուհետ՝ բժշկություն Բեյրութի ամերիկյան համալսարանում, ձեռք է բերել Ընտանեկան բժշկության և Հանրային առողջապահության մասնագիտություններ։ Համաճարակաբանության մագիստրոսի կոչումը ստացել է Լոնդոնի Հիգիենայի և տրոպիկական բժշկության դպրոցում, Հանրային առողջության մագիստրոսի կոչումը՝ Քեմբրիջի համալսարանում։ Գիտական աստիճանը ստացել է Քեմբրիջի համալսարանում շագանակագեղձի քաղցկեղի ընթացքի մոդելավորման և քաղցկեղի սկրինինգի ժամանակ գենոմիքսի կիրառման ոլորտներում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն է քաղցկեղի սքրինինգը, ռիսկերը, ծրագրի ծախսարդյունավետության, վտանգի և օգուտների հաշվեկշռի վրա հիմնված սքրինինգային ռազմավարությունները և դրանց իրականացման ուղիները։



© NEWS.am Medicine