103-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը․ ակտիվ կյանք եւ մեկ բաժակ ալկոհոլ ճաշին

20:13   27 փետրվարի, 2023

Մեծ Բրիտանիայի Շրուսբերի քաղաքի ծերանոցի 103-ամյա բնակչուհի Հիլդա Կրոսը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքները։ Նա կարծում է, որ իր սիրելի ալկոհոլային խմիչքները կարեւոր դեր են խաղացել դրանում։ Հաղորդում է Shropshire Star-ը:

Կրոսը ծնվել է Բոլթոնում 1920 թվականի փետրվարի 21-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է լվացքատանը, որտեղ հանդիպել է Ալֆրեդ Կրոսին եւ ամուսնացել նրա հետ 1944 թվականին: Երկու տարի անց տղամարդը զորացրվել է եւ դարձել ոստիկան, իսկ թոշակի անցնելուց հետո կնոջ հետ տեղափոխվել է Տրեֆնանտ գյուղի տուն։ 2001 թվականին Կրոսի ամուսինը մահացել է՝ չբոլորած իր ծննդյան 90-ամյակը։

Կինն ապրել է իր տանը մինչեւ 100 տարեկան, մինչեւ COVID-19 համաճարակի ժամանակ պատահաբար ընկել է եւ կոտրել ոտքը։ Դրանից հետո Կրոսը ստիպված է եղել տեղափոխվել ծերանոց։ Նա իր 103-ամյակը նշել է ընտանիքի հետ՝ երկու երեխա, հինգ թոռ եւ ութ ծոռ։ Երկար կյանքի բանալին ըստ Կրոսի միշտ ակտիվ եւ զբաղված մնալու ցանկությունն է: Բացի այդ, նա վստահ է, որ այդքան երկար է ապրել իր սիրելի ալկոհոլային խմիչքների շնորհիվ։ «Ամեն երեկո ընթրիքի ժամանակ սիրում եմ մեկ բաժակ կոնյակ կամ գինի խմել», - ասել է կինը։

Նա հաճույքով կարդում է վեպեր, կանացի ամսագրեր, հագնվում է էլեգանտ եւ հետեւում մարդկանց շարժին: Մինչ ծերանոց տեղափոխվելը Կրոսը զբաղվում էր այգեգործությամբ, շատ էր քայլում եւ հյուսում:



© NEWS.am Medicine