Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կանանց անվճար հետազոտություն է առաջարկում

20:11   24 սեպտեմբերի, 2014

Հոկտեմբեր ամսին ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ է նշվում: Այդ կապակցությամբ Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բոլոր կանանց առաջարկում է կրծքագեղձի անվճար հետազոտություն անցնել՝ առկա խնդիրները ժամանակին ախտորոշելու նպատակով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն է հայտնել:

Ակցիան հոկտեմբեր ամսվա բոլոր շաբաթ օրերին է գործելու, ինչպես նաեւ սեպտեմբերի 27-ին՝ մոտակա շաբաթ օրը, ժամը 10:00-15:00: Անվճար են լինելու կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ ուռուցքաբանական խորհրդատվությունը, սակայն, ինչպես Արմեն Տանանյանն է նշել, ցուցումների առկայության պարագայում հնարավոր է նաեւ անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ նշանակվեն:

Եթե կանանց մոտ խնդիրներ հայտնաբերվեն, բուժումը կազմակերպվելու է ըստ օրենքի. այսինքն, բոլոր այն կանայք, ովքեր իրավունք ունեն պետպատվերի շրջանակում բուժում ստանալ, կարող են անվճար բուժվել կամ օգտվել պետական համավճարից:



© NEWS.am Medicine