«Ուիգմոր»–ը հերքում է Անահիտ Ավանեսյանի կապը բուժկենտրոնի հետ

19:58   10 մարտի, 2023

Կարմրուկի առաջին դեպքերի լաբորատոր ուղղորդումը եւ հետագա հաստատումը եղել է «Ուիգմոր» հիվանդանոց դիմած բուժառուների շրջանում։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնել են «Ուիգմոր» հիվանդանոցից, հաստատելով, որ կարմրուկի առաջին հիվանդները հոսպիտալացվել են իրենց մոտ։

Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության, հիվանդանոցի բուժաշխատողները գործել են ՀՀ ուղեցույցների համաձայն, եւ ցանի/կասկածելի կլինիկայի ի հայտ գալուն պես նմուշառում են իրականացրել կարմրուկի վերաբերյալ, ինչով նպաստել են վարակի արագ հայտնաբերմանը և դրա տարածման կանխարգելմանը։

Մեղադրանքներին, թե բազմապրոֆիլային հիվանդանոցում անթույլատրելի է հոսպիտալացնել սուր վարակներով պացիենտների, «Ուիգմոր» հիվանդանոցից պատասխանել են, որ զարգացած երկրներում ընդունված չէ առանձին ինֆեկցիոն հիվանդանոցների մոդելը, եւ վարակային հիվանդությունները բուժվում են բազմապրոֆիլային հիվանդանոցներում։

«Դա հնարավոր է շնորհիվ հիվանդանոցաշինության ժամանակակից լուծումների և  հիվանդանոցներում վարակի հսկողության պատշաճ ստանդարտների։ Ուիգմոր մանկական հիվանդանոցի յուրաքանչյուր հիվանդասենյակի օդորակման համակարգը առանձին է, նախագծված է այնպես, որ  հիվանդասենյակի օդը չի հաղորդակցվում ընդհանուր օդորակման համակարգի հետ։ Հիվանդանոցի մեկուսարաններն ապահովված են բացասական ճնշմամբ օդորակումով, որի շնորհիվ  հիվանդասենյակների օդը չի անցում դեպի բաժանմունք», – հայտնել են «Ուիգմոր» հիվանդանոցից։

Միեւնույն ժամանակ «Ուիգմորից» հերքել են հիվանդանոցի կապը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ։ ««Ուիգմոր» մանկական հիվանդանոցի ներդրողները բացառապես օտարերկրացիներ են։ Սա ապատեղեկատվություն է, և այս ապատեղեկատվության հերքման գործով զբաղվում են մեր իրավաբանները», – ասել են հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ օրերս ՔՊ–ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր, որ իր տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել։ «Այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է», – ասել էր Արսեն Թորոսյանը։

Այնուհետեւ «Հրապարակ» օրաթերթը իր աղբյուրի վրա հղմամբ հայտնել էր, որ վարակը տարածվել է հենց «Ուիգմորից», որտեղ բուժքույրերից մեկը հիվանդ է եղել եւ անզգուշաբար վարակել է տասնյակից ավելի մարդու։ Այդ լուրը դժգոհություն էր առաջացրել բժիշկ ինֆեկցիոնիստների շրջանում, որոնք նշել էին, որ «Ուիգմոր» կլինիկայում ու ցանկացած այլ բազմապրոֆիլ ԲԿ-ներում ուղղակի անթույլատրելի է կարմրուկի եւ այլ սուր ինֆեկցիոն հիվանդների հոսպիտալացումը։  Նրանք նաեւ իրենց տարակուսանքն էին հայտնել, թե «նախարար Ավանեսյանն իր մոր հետ փոխկապակցված բժշկական կենտրոնի բիզնեսին է փորձում աջակցել եւ անգամ պետպատվերի փողերն է ուղղում դեպի «Ուիգմոր»»։ 

 



© NEWS.am Medicine