Հացի բորբոսը կարող է մահացու վտանգավոր լինել

16:52   16 մարտի, 2023

Բորբոսով մթերքները, մասնավորապես հացը, վտանգավոր են երեխաների, հղիների եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։

The Sun-ը հայտնում է, որ սննադամթերքի անվտանգության ծառայության մասնագետները եւ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության տեսչությունները զգուշացրել են բորբոսնած մթերքների մահացու վտանգի մասին։ Նրանք խորհուրդ են տվել դեն նետել ամբողջ հացը, այլ ոչ թե կտրել բորբոսնած հատվածները։

Ի տարբերություն մանրէների՝ բորբոսասնկերը կազմված են անզեն աչքով տեսանելի բջիջներից՝ սպորներից, որոնք նրանց գույն են հաղորդում։ Դա հեշտացնում է նրանց հայտանբերումը եւ կանխում փչացած սննդի օգտագործումը։

Բորբոսի որոշ տեսակներ առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ եւ շնչառական խնդիրներ։ Նաեւ որոշակի պայմաններում բորբոսն արտադրում է միկոտոքսիններ՝ թունավոր նյութեր, որոնք հրահրում են հիվանդությունների զարգացում, նշվում է հետազոտության մեջ։ Հիվանդանալու ավելի մեծ վտանգի տակ են տարեցները, երեխաները, հղիները եւ թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։

Բորբոսնած հացի վրա կարող են մի քանի տարբեր տեսակի սնկեր լինել: Բացի այն, որ բորբոսը փչացնում է մթերքի վերին շերտը, այն կարող է տարածվել ծակոտկեն սննդի խորքը, նշում են Մեծ Բրիտանիայի սննդի ստանդարտների գործակալության (FSA) մասնագետները:

«Որպես կանոն, մակերեսի վրա մեկ սանտիմետր տրամագծով բորբոսները նաեւ մեկ սանտիմետր թափանցում են սննդի մեջ», - ավելի վաղ ասել է բորբոսի փորձագետ,  դոկտոր Պատրիկ Հիկին:

Բորբոսն, ի տարբերություն բակտերիաների, չի առաջացնում հանկարծակի սննդային թունավորումներ։ Այնուամենայնիվ, որոշ սննդային միկոտոքսինների ազդեցությունը կարող է լինել արագ եւ սուր: «Եթե մարդը մեծ քանակությամբ թունավոր բորբոս  ուտի, նրա մոտ կարող է զարգանալ ստամոքս-աղիքային խանգարում, լյարդի կամ երիկամների անբավարարություն: Դա մահացու վտանգավոր է»,- զգուշացրել է Հիկին։



© NEWS.am Medicine