3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ

11:38   23 մարտի, 2023

3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ․ Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից։

«3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել:

Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ: Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պերֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:

Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով»,- հայտնում են հիվանդանոցից։

Բժիշկները հորդորում են ծնողներին լինել առավել ուշադիր և երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց:



© NEWS.am Medicine