Տղամարդու մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն իր մատը կրծած շան ձագի շնորհիվ

18:22   25 ապրիլի, 2023

Անգլիական Քեմբրիջ քաղաքից 64-ամյա Դեյվիդ Լինդսեյը իր մատը կրծած շան ձագի շնորհիվ իմացել է, որ ոտքի արյան շրջանառությունը խանգարված է, հայտնում է Daily Mail-ը։

Տղամարդը, որը դիաբետ ունի, պատմել է, որ բազմոցին քնած է եղել, երբ յոթ ամսական բուլդոգ Հարլին սկսել է կրծել իր մատը։ Սակայն Լինդսեյն արթնացել է ոչ թե ցավից, այլ կնոջ ճիչից։ Տղամարդը բացել է աչքերը, նայել ոտքին եւ տեսել արյունոտ բութ մատը։

«Շունը համարյա կրծել էր ոտքիս բութ մատը։ Նա կրծել էր մինչեւ ոսկոր եւ ջարդել այն»,- ասել է նա։ Լինդսեյը հասկացել է, որ կրծելուց չի արթնացել, քանի որ իր ոտքն ամբողջությամբ թմրել  է։

Հիվանդանոցում Լինդսեյին հակաբիոտիկներ են ներարկել՝ վարակը դադարեցնելու համար։ Ռենտգենի նկարը ցույց է տվել տղամարդու ոտքի երկու զարկերակների խցանումը, ինչը հանգեցրել է զգայունության կորստի: Եթե ​​բժիշկները ժամանակին չվերականգնեին վերջույթի արյան շրջանառությունը, ապա այն պետք է անդամահատվեր։

Այժմ Լինդսեյը հետազոտություն է անցնում վերջույթի զարկերակների ստենտավորման համար, որն ամբողջությամբ կվերականգնի արյան մատակարարումը։ Շուտով նա տուն կվերադառնա կնոջ եւ շան մոտ։ Չնայած շունը տիրոջը լուրջ վնաս է հասցրել, նա շնորհակալ է նրան կյանքը փրկելու համար։

«Ես հուսով եմ մատս կպահպանվի։ Եթե չստացվի, ես բժշկին խնդրել եմ կտրել այն, որպեսզի տանեմ տուն Հարլիի համար» — ասել է նա։



© NEWS.am Medicine