Բժիշկները հազից բողոքող պացիենտի կրծքում հայտնաբերել են մակաբույծ որդի տասնյակ թրթուրներ

18:06   11 մայիսի, 2023

Բրազիլական Բոտուկատու կլինիկայի բժիշկները հրապարակել են այն պացիենտի ռենտգենյան լուսանկարները, որոնցում երեւում են երիզորդի տասնյակ թրթուրների մնացորդները։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

Տղամարդը բժիշկներին դիմել է մշտական հազի պատճառով։  Նրա կրծքավանդակի ռենտգենյան լուսանկարներում երեւում են հարյուրավոր վառ բծեր, որոնցից յուրաքանչյուրը մակաբույծի մնացորդ է։ Այս վիճակը, որը կոչվում է ցիստիցերկոզ, առաջ է գալիս այն ժամանակ, երբ խոզի երիզորդի թրթուրները, որոնք սովորաբար ապրում են աղիներում, թափանցում են այնպիսի հյուսվածքներ, ինչպիսին են մկանները կամ ուղեղը։ Այստեղ դրանք գոյացնում են ամուր հանգույցներ՝ նման կիստաների, որոնք կարող են զգացվել մաշկի տակից՝ որպես կոշտուկներ։

Այս վիճակը սովորաբար անվնաս է, դրա համար էլ հաճախ պացիենտը որեւէ բուժման կարիք չի ունենում։ Այնուամենայնիվ, եթե թրթուրները թափանցեն ուղեղ, կարող են ծանր բարդություններ առաջացնել, ընդհուպ մինչեւ դողէրոցքը, հեղուկի կուտակումն ուղեղում, կամ կարող են մահացու ելքի հանգեցնել։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝  Taenia solium-ի՝ գլխուղեղում զարգացող թրթուրների թաղանթներն աշխարհի որոշ հատվածներում էպիլեպսիայի դեպքերի 70 տոկոսի պատճառն են։

Ինչպես բացատրել են գիտնականները, ցիստիցերկոզը կարող է առաջ գալ լավ չեփված խոզի մսի երիզորդների թրթուրները կուլ տալու դեպքում, կամ երբ վարակված մարդկանց կղանքը հայտնվում է մթերքների եւ ջրի մեջ։



© NEWS.am Medicine