Աղիքների տոքսինները վնասում են ճարպային բջիջները եւ հանգեցնում ճարպակալման

15:22   22 մայիսի, 2023

Աղիքների էնդոտոքսինները կարող են ներթափանցել արյան մեջ եւ ուղղակիորեն ազդել ճարպային բջիջների աշխատանքի վրա, պարզել են Նոթինգհեմի Թրենտ համալսարանի գիտնականները: Նրանք կարող են առաջացնել գիրություն եւ դրա հետ կապված հիվանդություններ, ինչպիսիք են II տիպի դիաբետը: Հետազոտությունը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:

Էնդոտոքսինները թունավոր նյութեր են, որոնք առկա են բակտերիաների բջիջների պատերի ներսում եւ դուրս են գալիս՝ դրանց պատռվելու դեպքում: Առողջ աղիքներում էնդոտոքսինները մանրէների կյանքի ցիկլի մի մասն են, որոնք առանցքային դեր են խաղում մարդու ընդհանուր առողջության համար: Սակայն գեր մարդկանց մոտ աղիքային պատնեշն ավելի փխրուն է, ինչը թույլ է տալիս էնդոտոքսիններին ներթափանցել արյան մեջ:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են 156 մարդու, որոնցից 63-ը դասակարգվել են որպես գեր կամ բարիատրիկ վիրահատություն տարած մարդ: Թիմը մասնակիցներից արյան եւ ճարպի նմուշներ է հավաքել։

Նրանք ուսումնասիրել են երկու տեսակի ճարպային բջիջներ՝ սպիտակ ճարպային բջիջներ, որոնք էներգիա են կուտակում, եւ շագանակագույն ճարպային բջիջներ, որոնք օգտագործում են էներգիա եւ կապված են նյութափոխանակության ակտիվության հետ:

Պարզվել է, որ գեր մարդկանց սպիտակ ճարպային բջիջները քիչ հավանականությամբ են վերածվում շագանակագույն ճարպային բջիջների՝ համեմատած նիհար մարդկանց ճարպային բջիջների հետ:

«Դա պայմանավորված է գեր մասնակիցների արյան մեջ էնդոտոքսինների ավելի բարձր մակարդակով: Բարիատրիկ վիրահատությունը նվազեցրել է մասնակիցների արյան մեջ էնդոտոքսինների քանակը, ինչը կապված էր ճարպային բջիջների նյութափոխանակության վիճակի բարելավման հետ»,- նշել են հեղինակները։

Ուսումնասիրությունը ընդգծում է աղիքների եւ ճարպի կարեւորությունը՝ որպես մարդու նյութափոխանակության առողջության վրա ազդող փոխկապակցված կարեւոր օրգաններ:



© NEWS.am Medicine