Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութն արդյունավետ է Ալցհեյմերի հիվանդության դեմ

20:06   22 մայիսի, 2023

Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության վտանգը, պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են JAMA Network Open ամսագրում։

ԲՑԺ պատվաստանյութը (Կալմետ-Գերենի բացիլ՝ Bacillus Calmette-Guérin, BCG) ստեղծվում է ցլի տուբերկուլյոզի թույլ ցուպիկի (Mycobacterium bovis) շտամի վրա: Բացի իր անմիջական նպատակից,  պատվաստանյութն օգտագործվում է նաեւ այլ հիվանդությունների դեպքում։ Դեղամիջոցը արդյունավետ է եղել միզապարկի ոչ մկանային ինվազիվ քաղցկեղի թերապիայում: Այժմ հաջողվել է ապացուցել կիրառման եւս մեկ օգտակար ոլորտ՝ դեմենցիայի կանխարգելման համար:

Հեղինակները 15 տարի հետեւել են միզապարկի ոչ մկանային ինվազիվ քաղցկեղի ախտորոշմամբ 6467 մարդու: Նրանցից 3388 հիվանդ պատվաստվել է ԲՑԺ-ով, իսկ 3079-ը եղել է վերահսկիչ խմբում։ Հետազոտության ընթացքում պատվաստանյութի խմբի 202 հիվանդի եւ վերահսկիչ խմբի 262 պացիենտի մոտ զարգացել է Ալցհեյմերի հիվանդություն:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ԲՑժ-ով բուժումը 20 տոկոսով նվազեցրել է դեմենցիայի զարգացման ռիսկը: Պատվաստման պաշտպանիչ ազդեցությունն առավել արտահայտված է եղել 70 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հիվանդների մոտ: Բացի այդ, ԲՑԺ-ի ներարկումը 25 տոկոսով նվազեցրել է մահվան հավանականությունը:

Ապագայում փորձագետները նախատեսում են նոր փորձարկումներ կատարել՝ պատճառահետեւանքային կապը բացահայտելու համար, որը թույլ կտա հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում: Թիմը ենթադրում է, որ իմունային համակարգի վրա նման ազդեցությունը կարող է պայմանավորված լինել ԲՑԺ պատվաստանյութով:



© NEWS.am Medicine