Կրծքի կաթի բաղադրիչներն ակտիվացնում են կենսակայունության համար անհրաժեշտ գեները

14:17   25 մայիսի, 2023

Մկների կրծքի կաթի գամմա-լինոլենային թթուն ապահովում է ձագերի սրտի ճիշտ աշխատանքը ծնվելուց հետո։ Իսպանիայի սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք կարող են ընկնել միտոխոնդրիալ հիվանդությունների թերապիայի հիմքում, հրապարակվել են Nature ամսագրում։

Ծնվելուց հետո կաթնասուն նորածնի սիրտը պետք է արագ էներգիա արտադրի, որպեսզի պահպանի սրտի կծկումներն արգանդից դուրս։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի սրտի կծկվող բջիջներն ակտիվացնեն իրենց միտոխոնդրիաները՝ օրգանոիդներ, որոնք պատասխանատու են բջիջներում էներգիայի արտադրման համար։

Գիտնականների փորձերը ցույց են տվել, որ գամմա-լինոլենային թթուն, որը պարունակվում է կրծքի կաթում, կապվում է RXR սպիտակուցի հետ, որը հայտնաբերվել է սրտի բջիջներում։ Դա հանգեցնում է այն գեների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են միտոխոնդրիաների (բջիջների էներգետիկ կենտրոնների) սպիտակուցով մատակարարման համար, որոնք անհրաժեշտ են նրանց ճարպերի՝ հասուն սրտում էներգիայի հիմնական աղբյուրի սպառման համար։

Մկների վրա կատարված փորձերում կենսաբանները հայտնաբերել են, որ սրտում RXR սխիտակուցի կամ գամմա-լինոլենային թթվի բացակայությունը մայրական կաթի մեջ խանգարել է միտոխոնդրիաներին նորածին մկների սրտում ճիշտ արտադրել էներգիան, ինչը հանգեցրել է ծանր սրտային անբավարարության եւ մահվան ծնվելուց 24-48 ժամ հետո։

«Ծնունդը ֆիզիոլոգիական մարտահրավեր է նորածնի համար։ Այս հետազոտությունում մենք ցույց ենք տալիս, որ մայրական կաթը, բացի իր սննդարար ֆունկցիայից, ազդանշանային դեր է խաղում՝ ստուգելով կարդիոմիոցիտները, ազդարարելով, որ նրանց անհրաժեշտ է ակտիվացնել իրենց մետաբոլիզմը, որովհետեւ մայրական ֆիզիոլոգիան այլեւս չի պաշտպանում իրենց»,- նշել են գիտնականները։

Հետազոտության արդյունքները միտոխոնդրիալ հիվանդությունների բուժման ուղի են բացում կարդիոմիոցիտներում RXR սպիտակուցի ակտիվության վերահսկման եւ որոշակի, այդ թվում արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների օգնությամբ։



© NEWS.am Medicine