16:55 31 մայիսի, 2023Այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, խորհուրդ է տրվում այցելել մեր կենտրոն, որտեղ անցկացվում է հոգեբանի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաեւ դեղորայքային բուժում: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարկոլոգիական ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
Նա տեղեկացրեց, որ 2020 թվականից հաստատությունում ներդրվել է սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություն թմրամոլների, ալկոհոլամոլների եւ ծխողների համար:
«Գործում է նաեւ թեժ գիծ։ Կենտրոն զանգողների 50 տոկոսը թողնում է ծխելը»,-նշեց Նազինյանը։
Նա կարծում է, որ պատշաճ կամքի եւ մոտիվացիայի դեպքում ցանկացած մարդ կարող է թողնել ծխելը:
Փորձագետը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում երեխաների հետ, այդ թվում՝ դպրոցական առարկայի շրջանակներում առողջ ապրելակերպ վարելու, ինչպես նաեւ դեռահասների իրազեկման միջոցառումների շրջանակներում:
Սուրեն Նազինյանը նկատեց, որ դեռահասներն ավելի հաճախ սկսում են ծխել ինքնահաստատման նպատակով, ուստի խնդիրը նաեւ արժեքային համակարգի եւ դաստիարակության ոլորտում է: