Մամոգրաֆիկ սքրինինգների շնորհիվ Հայաստանում 177 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել. Ավանեսյան

19:10   1 հունիսի, 2023

Հայաստանում մամոգրաֆիկ սքրինինգների շնորհիվ 177 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 1 մլն դոլար բյուջեով դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունվարին Լոռու մարզում։ Ավելի ուշ շարժական մամոգրաֆը տեղափոխվել է Տավուշի մարզ։ Այժմ ծրագիրը շարունակվում է Սյունիքի մարզում։ 

«Լոռու մարզում ծրագրի պոտենցիալ շահառու է եղել 9798 մարդ։ Նրանցից հետազոտվել է 3208-ը։ Հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 121 հաստատված դեպք: Քաղաքացիներին ուղարկել են բժշկական կենտրոններ՝ համապատասխան օգնություն ստանալու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լոռու մարզում հաջորդ սքրինինգային ծրագրի իրականացման ընթացքում հետազոտվեն նաեւ նրանք, ովքեր նախկինում չեն հետազոտվել»,-ասաց Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Տավուշի մարզում 15 457 պոտենցիալ շահառուների շրջանում հետազոտություն է անցել միայն 5209 մարդ։ Արդյունքում հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղի 56 դեպք։ Կանայք ուղարկվել են համապատասխան բժշկական օգնության։

 



© NEWS.am Medicine