Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար

14:20   6 հունիսի, 2023

Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ երեխաների կարճատեսության  (միոպիա) խորացումը դանդաղեցնելու համար։ Օհայոյի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է JAMA Ophthalmol ամսագրում։

Ավանդական շտկող միջոցները՝ ակնոցները եւ կոնտակտային լինզաները, ապահովում են տեսողության անհապաղ լավացում, բայց չեն լուծում կարճատեսության խորացման հիմնական խնդիրը։ Ուստի կարեւոր է մշակել մեթոդներ, որոնք կկանգնեցնեն հիվանդության զարգացումը։ Կարճատեսությունը կապված է ակնախնձորի ձեւի փոփոխության հետ, երբ այն ձգվում է երկայնական առանցքով։ Դա հանգեցնում է նրան, որ լույսի հեռավոր առարկաներից արտացոլված փունջը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթում, այլ դրա առջեւ։ Դրա հետեւանքով պատկերն անհստակ է ստացվում։

Հետազոտությունում գնահատվել է ատրոպինի երկու ցածր չափաբաժինների (0,01 եւ 0,02 տոկոս խտությամբ) անվտանգությունը եւ արդյունավետությունը դատարկահաբի համեմատ։ Հետաքրքիր է, որ ատրոպինի 0,01 տոկոսանոց լուծույթը առանցքային հեռավորության առավել զգալի նվազում է ցուցադրել կարճատեսություն ունեցող  6-10 տարեկան երեխաների վերահսկվող խմբերի համեմատ։ Հետազոտությանը մասնակցել է 489 երեխա։

Հետազոտության արդյունքները վկայում են կարճատեսության ուսումնասիրման ոլորտում զգալի առաջընթացի մասին եւ դրա բուժման արդյունավետ մեթոդների ստեղծման հույս են տալիս։



© NEWS.am Medicine