Հայկական ուրոլոգիան 15 տարի առաջ եւ այսօր. պատմում է ՀՈՒԱ հիմնադիրը

11:47   27 սեպտեմբերի, 2014

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի այս տարվա կոնգրեսի երկրորդ օրը նվիրված է ասոցիացիայի հիմնադիր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի 75-ամյակին: Հենց նրա հետ է NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել այն մասին, թե հայկական ուրոլոգիայում ասոցիացիայի հիմնադրումից մինչեւ այսօր ինչ է փոխվել:

Ինչպես մեզ պատմել է պրոֆեսոր Աղաջանյանը, ասոցիացիան հիմնադրվել է 15 տարի առաջ՝ 1999 թվականին: Այդ ժամանակ ուրոլոգների թիվը Հայաստանում դեռ շատ փոքր էր, իսկ եղած մասնագետները գրեթե չէին շփվում արտասահմանյան մասնագետների հետ եւ չէին մասնակցում միջազգային գիտաժողովներին: Բացի այդ, երկրում մասնագիտական գրականության պակաս կար:

Այսօր, պրոֆեսոր Աղաջանյանի կարծիքով, շատ բան է փոխվել: Հայաստանցի մասնագետները սկսել են միջազգային գիտաժողովներին մասնակցել, որտեղ նրանց ամերիկյան եւ եվրոպական մասնագետների հետ շփվելու, ոլորտի նորություններին ծանոթանալու եւ նորագույն տեխնիկային տիրապետելու հնարավորություն է ընձեռվել: Իսկ համացանցի շնորհիվ լուծվել է գրականության պակասի հարցը:

Այս ամենի շնորհիվ այսօր, ՀՈՒԱ հիմնադրի կարծիքով, հայկական ուրոլոգիայի մակարդակը շատ մոտ է եվրոպականին, իսկ հայաստանցի մասնագետները իրենց գիտելիքներով ոչնչով չեն զիջում արտասահմանցիներին: Միակ խնդիրն այսօր տեխնիկական հագեցվածության պակասն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Երեւանում մեկնարկել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ կոնգրեսը` Ուրոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի (EAU) հետ համատեղ: Գիտաժողովի առաջին օրը ֆունկցիոնալ ուրոլոգիայի մասին դասընթացներ են անցկացվել եւ քննարկվել են կանանց եւ տղամարդկանց միզարձակության դիսֆունկցիաները, տղամարդկանց վերարտադրողական եւ կանանց սեռական ֆունկցիայի խանգարումները:

Գիտաժողովի երկրորդ օրը նվիրված է ասոցիացիայի տարեկան ժողովին, որի առաջին մասի ընթացքում նշվելու է ասոցիացիայի հիմնադիր պրոֆեսոր Իվան Աղաջանյանի 75-ամյակը, իսկ երկրորդ մասը նվիրված է ռոբոտիկ վիրաբուժության, լապարոսկոպիայի եւ այլ ժամանակակից տեխնոլոգիաների քննարկմանը:



© NEWS.am Medicine