22:28 12 հունիսի, 2023Harvard Medical School-ի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սթրեսը կարող է կենսաբանական ծերացման ժամանակավոր արագացում առաջացնել, սակայն գործընթացը հակադարձելի է, գրում է Cell Metabolism պորտալը։
Հետազոտության ընթացքում բժիշկները ուսումնասիրել են ԴՆԹ-ի մեթիլացման պրոֆիլների փոփոխությունները՝ որպես արձագանք տարբեր սթրեսային իրավիճակներին: Դրանք կարող են լինել հղիությունը, վիրահատությունները եւ COVID-19-ի վարակը: ԴՆԹ-ի մեթիլացումն այն գործընթացն է, որը թույլ է տալիս օրգանիզմին կարգավորել գեների ակտիվությունը՝ կախված շրջակա միջավայրից: Հետազոտողները նաեւ օգտագործել են տրանսկրիպտոմիկ եւ նյութափոխանակության բիոմարկերներ՝ իրենց բացահայտումները հաստատելու համար: Ուսումնասիրվել են նաեւ նմանատիպ թեմայով այլ աշխատանքներ։
Փորձերը ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության ներքո ավելացել է նաեւ կենսաբանական տարիքը։ Ինչպես պարզվել է՝ գործընթացը հակադարձելի է։ Տարիքը վերադարձել է նախկին վիճակին, երբ սթրես առաջացնող պայմանները վերացել են:
Այսպիսով հիվանդների մոտ, որոնք շտապ վիրահատության են ենթարկվել, նկատվել է կենսաբանական տարիքի ավելացում, որը վերադարձել է մինչ միրահատական վիճակին վիրահատությունից 3-4 օր անց։ Նույնը նկատվել է հղիների մոտ․ ծննդաբերությունից հետո օրգանիզմը վերադարձել է նորմային։ Ուսումնասիրության հեղինակներն ընդգծել են իրենց արդյունքների կարեւորությունը՝ հաստատելով որ օրգանիզմի համար հակադարձելի են ծերացման գործընթացները։