Թայվանում բժիշկները մագնիսական թերապիայի միջոցով հիվանդին դուրս են բերել մեկ տարի տեւած կոմայից

12:24   19 հունիսի, 2023

Թայվանի Թայնան քաղաքի Անյնան հիվանդանոցի բժիշկները կարողացել են հիվանդին մոտ մեկ տարի տեւած կոմայից դուրս բերել տրանսկրանիալ մագնիսական խթանման միջոցով, հայտնում է Taiwan News թերթը:

Թերթի տվյալներով՝ 29-ամյա տղամարդը ավտովթարից հետո կոմայի մեջ է եղել։ Մի քանի ամսվա ընթացքում հարազատները փորձել են թերապիայի մի քանի մեթոդներ, ներառյալ հիպերբարիկ թթվածնացումը եւ չինական ավանդական բժշկությունը:

Դրանից հետո հարազատները խորհրդակցել են հիվանդանոցի բժիշկների հետ եւ որոշել են փորձել տրանսկրանիալ մագնիսական խթանումը.Այս մեթոդը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության կարճ մագնիսական ազդակների օգնությամբ խթանել գլխուղեղի կեղեւը:

Մեթոդը մշակվել է 1985 թվականին եւ օգտագործվում է դեպրեսիայի եւ նյարդաբանական հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են էպիլեպսիան կամ Պարկինսոնի հիվանդությունը, սակայն բժիշկները պատրաստակամություն են հայտնել փորձել այս թերապիան տղամարդուն կոմայից դուրս բերելու համար՝ բուժման այլ մեթոդների հետ համատեղ: Հինգ ամիս տեւած պրոցեդուրաներից հետո պացիենտն աստիճանաբար սկսել է ուշքի գալ. նա սկսել է բացել աչքերը, արձագանքել հարազատների ձայներին եւ ժպտալ:



© NEWS.am Medicine