16:45 21 հունիսի, 2023Կալիֆոռնիական համալսարանի նոր հետազոտության համաձայն՝ կանանց մոտ 20 տոկոսը, որոնք անպտղությունը արտամարմնական բեղմնավորման օգնությամբ բուժելու կարիք ունեին առաջին երեխայի սաղմնավորման համար, ապագայում, հավանաբար, կհղիանան բնական ճանապարհով։
Իր տեսակի մեջ առաջին հետազոտությունը, որը հրապարակվել է Human Reproduction ամսագրում, ուսումնասիրել է 11 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 5 000 կին ամբողջ աշխարհից 1980-2021թթ., որպեսզի գնահատի, թե որքանով է տարածված բնական հղիությունը այն երեխայի ծնվելուց հետո, որը սաղմնավորվել է անպտղությունը բուժելուց հետո։
Նրանք հայտնաբերել են, որ առնվազն յուրաքանչյուր հինգերորդ կին հղիացել է բնական ճանապարհով այն բանից հետո, երբ առաջին երեխան ունեցել է ԱՄԲ-ի օգնությամբ անպտղության բուժելուց հետո, հիմնականում երեք տարվա ընթացքում։ Այս թիվը անփոփոխ է մնացել, անգամ եթե ուշադրության առնենք անպտղության բուժման տարբեր տեսակները եւ դրա արդյունքները, ինչպես նաեւ դիտարկման տեւողությունը։
Անպտղությունը որոշվում է սեռական հարաբերություններից 12 եւ ավելի ամիս հղիանալ չկարողանալով եւ, ըստ գնահատականների, դրանից տառապում է յուրաքանչյուր յոթերորդ զույգը։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ բնական հղիությունը ԱՄԲ-ի օգնությամբ երեխայի ծնվելուց հետո բնավ հազվադեպ երեւույթ չէ։ Դա հակասում է լայնորեն տարածված մոտեցումներին (կանանց եւ բուժաշխատողների շրջանում) եւ նրանց, ովքեր սովորաբար արտահայտվում են զանգվածային լրատվամիջոցներում, որ դա շատ քիչ հավանական իրադարձություն է»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Անեթ Թուեյտսը։
ԱՄԲ-ն առաջին անգամ կիրառվել է 1978թ., եւ ներկայում բուժման այդ մեթոդի օգնությամբ ծնվել է ավելի քան 10 մլն երեխա ամբողջ աշխարհում, ինչը 2020թ. կազմել է զարգացած երկրներում ամեն տարի ծնվող բոլոր նորածինների 1-6 տոկոսը։
Տվյալներին ավելի ճիշտ հետեւելու եւ վերլուծելու համար, թե ինչ գործոններ են բարձրացնում բնական հղիության հավանականությունը անպտղության բուժման օգնությամբ երեխայի ծնվելուց հետո, հետազոտողները կոչ են անում ստեղծել տվյալների ազգային շտեմարաններ։
Նրանք հույս ունեն, որ այդ տեղեկությունն այնուհետեւ կարող է օգտագործվել այն մարդկանց խորհուրդներ տալու համար, որոնք դիտարկում են հղիանալու իրենց տարբերակներն անպտղության հաջող բուժումից հետո։