12:45 10 հուլիսի, 2023Գիտնականները պարզել են, որ տրանսպորտում եւ հանրային վայրերում ծխելու օրենսդրական արգելքներն աշխարհի շատ տարածաշրջաններում եւ երկրներում հանգեցրել են 10 տոկոսով սիրտ-անոթային հիվանդությունների հաճախակիության նվազման, ինչպես նաեւ 17 տոկոսով կրճատել են թոքերի հիվանդությունների հաճախակիությունը։ Հետազոտողների եզրահանգումները հրապարակվել են JAMA Network Open ամսագրի հոդվածում։
«Մենք առաջին անգամ համակարգայնորեն ուսումնասիրել ենք ծխելու բոլոր արգելքների ազդեցությունը գլոբալ հանրային առողջության վրա։ Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխելու արգելքներ մտցնելն իջեցրել է սրտի եւ անոթների բոլոր տեսակի հիվանդությունների հաճախակիությունը 10 տոկոսով, 17 տոկոսով նվազեցրել է թոքերի հիվանդությունների հաճախակիությունը, ինչպես նաեւ 9 տոկոսով կրճատել է այդ հիվանդություններով պացիենտների հոսպիտալացման հաճախակիությունը»,- գրել են հետազոտողները։
Բժիշկների միջազգային կոլեկտիվը՝ Կունիտատիի Հիտոցուբասի համալսարանի պրոֆեսոր Ռիոտա Նակամուրայի գլխավորությամբ, առաջին անգամ համակողմանի ուսումնասիրել է այն միջոցների արդյունավետությունը, որոնք ձեռնարկվել են ԱՀԿ ծխախոտի տարածման վերահսկման Շրջանակային կոնվենցիայի (ԾՏՎՇԿ) մասնակից երկրների կողմից՝ պասիվ ծխելու վնասները նվազեցնելու նպատակով։ Գիտնականները հավաքել եւ ուսումնասիրել են այն հետազոտությունները, որոնք կատարվել են ծխելու առաջին օրենսդրական արգելքների հայտնվելու պահից։
Հեղինակներն ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 114 հետազոտությունների եզրահանգումները։ Նրանք ի մի են բերել դիտարկումների արդյունքները եւ գնահատել, թե ինչպես են ձեռնարկված հակածխախոտային միջոցները միջինն ազդել բնակչության առողջության վրա։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխելու օրենսդրական արգելքները աշխատավայրերում, հանրային վայրերում եւ տրանսպորտում բարենպաստ ազդեցություն են ունեցել հանրային առողջության վիճակի վրա։ Դրանք միջինը 10 տոկոսով նվազեցրել են սիրտ-անոթային հիվանդությունների եւ 17 տոկոսով՝ շնչառական համակարգի հիանդությունների հաճախակիությունը, ինչպես նաեւ 10 եւ 9 տոկոսով իջեցրել են այդ հիվանդություններից մահացության մակարդակը։
9 տոկոսով նվազել է նաեւ պացիենտների հոսպիտալացման հաճախակիությունը, որոնք ունեցել են սրտի եւ թոքերի հիվանդությունների ծանր ձեւեր։ Ի հավելումն՝ ծխելու արգելքները նպաստել են 6 տոկոսով վաղաժամ ծննդաբերությունների դեպքերի թվի կրճատմանը, ինչպես նաեւ նվազել է մեռելածնության եւ հղիության այլ բարդությունների հավանականությունը չծխող կանանց մոտ։ Հետազոտողների խոսքով՝ այս նպաստավոր էֆեկտներն ավելի արտահայտված են եղել առաջին աշխարհի երկրներում, քան զարգացող պետություններում։
Ինչպես նշել են հեղինակները, այս ուսումնասիրության արդյունքները միանշանակ ցույց են տալիս ծխելու օրենսդրական բոլոր տեսակի արգելքների (որոնք վերջին երկու տասնամյակում մտցվել են աշխարհի տարբեր երկրներում) մեծ օգուտը հանրային առողջապահության համար։ Դա վկայում է այդ միջոցների հետագա պահպանման եւ ամենուրեք դրանք ներդնելու անհրաժեշտության մասին, ընդգծել են գիտնականները։