Այրոցը կարող է լինել քաղցկեղի նշան

12:46   31 հուլիսի, 2023

Մշտական այրոցը սնունդ ընդունելուց հետո կարող է ահազանգել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին, նշել է ուռուցքաբան Անդրեյ Իսաեւ-Ապոստոլովը «Доктор Питер» պորտալին։

Քաղցկեղի այդ տեսակի առաջացման հիմնական պատճառներն են ծխելը եւ գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսիվ հիվանդությունը (ԳԷՌՀ), որն առաջանում է այն ժամանակ, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում, ինչի պատճառով հյուսվածքները բորբոքվում են եւ առաջանում է այրոց։

Այնուամենայնիվ, կերակրափողի քաղցկեղը ԳԷՌՀ-ի պատճառով կարող է առաջանալ հիվանդությունը մի քանի տարի անտեսելու դեպքում։ Բացի այդ, օնկոլոգիական այս հիվանդությանը կարող են հանգեցնել ավելորդ քաշը, տաք ըմպելիքները եւ կերակրափողի քիմիական այրվածքը։

Այրոցից բացի, կերակրափողի քաղցկեղի ախտանշաններ կարող են լինել նիհարելը, կոկորդում գնդի առկայությունը, հաճախակի կլլումը, փսխումը, կրծքավանդակի կամ թիկունքի ցավերը, արտաթորելու հետ կապված խնդիրները։



© NEWS.am Medicine