Ներմուծվող դեղանյութերի տեսականին ռուսական դեղատներում մեկ տարում կրճատվել է 20 տոկոսով. ինչպես է օտարերկրյա դեղամիջոցների անհետանալն ազդում սպառողների վրա. ՌԲԿ

14:45   8 սեպտեմբերի, 2023

Օտարերկրյա դեղամիջոցների տեսականին կրճատվում է առնվազն 2020 թվականից, նշում են DSM Group-ում։ 2023թ. առաջին յոթ ամիսների արդյունքներով՝ օտարերկրյա դեղամիջոցների տեսականին ռուսական դեղատներում ներառում էր 6,4 հազար կետ, վկայում են DSM Group-ի՝ ՌԲԿ-ի համար պատրաստված տվյալները։ Դա 20,3 տոկոսով ավելի քիչ է, քան անցած տարվա հունվար-հուլիսին. 2022թ. տարեվերջին ռուսաստանցիներին հասանելի էր 7,7 հազար օտարերկրյա դեղամիջոց կամ SKU (անգլ.՝ stock keeping unit – եզակի ապրանքատեսակներ)։ DSM Group-ի վիճակագրությունը հաշվի է առնում մոտ 45 հազար ռուսական դեղատների տեսականու մասին տվյալները, այսինքն՝ շուկայի ավելի քան կեսը (2023թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ Ռուսաստանում հաշվառվել է 73 հազար դեղատնային հաստատություն), գրել է ՌԲԿ-ն։

2019թ. դեղատներում հասանելի էին 8,7 հազար դիրքեր, մեկ տարի անց դրանց թիվը կրճատվեց՝ հասնելով 8,7 հազարի։ Հինգ տարվա ընթացքում տեսականին կրճատվել է մոտ 36 տոկոսով։ Ավելի վաղ տվյալները վերլուծաբանները դժվարացել են տրամադրել։ ՌԲԿ-ի կողմից հարցման ենթարկվածները հաստատում են միտումը։ Անկախ դեղատների ասոցիացիա (ներառում է 217 դեղատնային կազմակերպություն) ինքնակարգավորվող կազմակերպության տնօրեն Վիկտորյա Պրեսնյակովայի խոսքով՝ այս տարվա յոթ ամիսներին օտարերկրյա ապրանքանիշների վաճառքը կրճատվել է տուփերով 15-16 տոկոսով՝ տարեկան։ Նման անկում է գրանցվել նաեւ Նոր անկախ դեղատների ասոցիացիայում (970 կազմակերպություն), ասում է նրա կոմերցիոն տնօրեն Վիկտորյա Լեսնիկովան։ ՌԲԿ աղբյուրը խոշոր դաշնային դեղատնային ցանցում նույնպես հաստատել է տեսականու կրճատումը, բայց կոնկրետ ցուցանիշներ չի նշել։

RNC Pharma վերլուծաբանական  ընկերության տվյալներով՝ դեղամիջոցների խմբի մեջ, որտեղ օտարերկրյա տեսականու կրճատումը առավել նկատելի է, սիրտ-անոթային հիվանդությունների դեղերն են։ Այս կարգն ընդհանուր առմամբ ամենավաճառվողն է դեղատներում։ 2023թ. յոթ ամիսների ընթացքում օտարերկրյա տեսականին կրճատվել է 20 դիրքով՝ մեկ տարի առաջվա 570-ից 550-ի։ Հինգ արտիկուլով կրճատվել է օտարերկրյա հակադեպրեսանտների տեսականին՝ 52-ից 47-ի։ Որոշ կարգերում նկատվում է աճ, օրինակ՝ օնկոլոգիայի բուժման դեղերի խմբում։ Այնտեղ, RNC Pharma-ի տվյալներով, օտարերկրյա դեղերի տեսականին ավելացել է մեկ տարի առաջվա 233-ից հասնելով 264-ի։ Եվս մեկ տարածված խմբում՝ ինսուլինների, դեղերի ապրանքատեսակների քանակը չի փոխվել, ինչպես մեկ տարի առաջ՝ մնացել է 15։

Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության  մամուլի ծառայությունում առողջապահության նախարարությանն են վերահասցեագրել ՌԲԿ հարցերը դեղատներում դեղերի տեսականու, ինչպես նաեւ արտասահմանից դրանց մատակարարումների մասին։ Առողջապահության նախարարությունում հրապարակման պահին հարցմանը չէին պատասխանել։



© NEWS.am Medicine