Հակաբեղմնավորիչների և ցավազրկողների համատեղումը մեծացնում է կանանց մոտ արյան մակարդման ռիսկը. BMJ

22:19   12 սեպտեմբերի, 2023

Բրուքլինի Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբեղմնավորիչ որոշ հաբերի և ցավազրկողների (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների) համադրությունը կարող է մեծացնել կանանց մոտ արյան մակարդման վտանգը, գրում է BMJ-ը։

Հետազոտությանը մասնակցել են 15-ից 49 տարեկան 2 միլիոն դանիացի կանայք: Նրանց բժշկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հաբերի կամ էստրոգենի հետ հակաբեղմնավորիչ այլ միջոցների օգտագործումը մեծացնում է ոտքերի կամ թոքերի մեջ արյան մակարդուկների առաջացման ռիսկը: 1996 թվականից մինչև 2017 թվականը ավելի քան 8700 կանանց մոտ արյան մակարդում է առաջացել ոտքի երակում կամ թոքում:

Բացի այդ, արյան մակարդման ռիսկն ավելի է մեծանում, եթե կանայք օգտագործում են նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, սովորական ցավազրկողներ, որոնք ներառում են իբուպրոֆեն և նապրոքսեն:

Հեղինակներն ընդգծել են, որ չնայած արյան մակարդման հարաբերական ռիսկի աճին, բացարձակ ռիսկը մնում է ցածր։

Հորմոնալ հակաբեղմնավորիչ ընդունող կանայք չպետք է անհանգստանան ոչ ստերոիդային հակաբորբոքայինների կարճ ժամանակահատվածում օգտագործման մասին: Բացի այդ, հակաբեղմնավորիչ ընդունելու ժամանակ արյան մակարդման վտանգը շատ ավելի ցածր է, քան հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից մի քանի ամիս հետո:

Այնուամենայնիվ, ցանկացած կին, որը մտահոգված է արյան թրոմբներով, կարող է մտածել ցածր ռիսկային հակաբեղմնավորիչների օգտագործման մասին, ինչպիսիք են ներարգանդային սարքը կամ միայն պրոգեստին պարունակող հաբերը: Սա կարող է առաջարկվել այն կանանց, ովքեր քրոնիկական ցավի պատճառով հաճախակի կարիք ունեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր ընդունելու: Հակաբեղմնավորման մեթոդ ընտրելիս պետք է հաշվի առնել նաև արյան մակարդման ռիսկի գործոնները, ներառյալ ծխելը կամ արյան մակարդման պատմությունը:



© NEWS.am Medicine