Արվեստը կարող է գիտությունը «թարգմանել» բնակչության լայն շերտերի համար. Երևանում տեղի է ունենում USERN 2023 համաժողովը

17:00   8 նոյեմբերի, 2023

Ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացվում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր գիտաժողովներ և համաժողովներ՝ նվիրված գիտության տարբեր ոլորտներին։ USERN-ի համաժողովը տարբերվում է շատ ուրիշներից նրանով, որ այն համատեղում է գիտությունն ու արվեստը: Արվեստը, ըստ USERN-ի խորհրդատվական և քաղաքականության խորհրդի անդամ Նիմա Ռեզայիի, օգնում է բարդ հասկացություններն ու գիտական կոնցեպցիաները հասցնել բնակչության  լայն շերտերին:

«Երբեմն շատ դժվար է պարզ լեզվով բացատրել բարդ խնդիրներն ու գիտական կոնցեպցիաները, այնպես, որ դրանք հասկանալի լինեն բնակչությանը։ Այս հարցում մեզ կարող է օգնել արվեստը: Արվեստը կարող է գիտությունը «թարգմանել» մի «լեզվի», որն ավելի հասկանալի է հանրության լայն շերտերին»,- NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում նշել է նա։

Այսպես, երաժշտության, նկարների և թատերական բեմադրությունների միջոցով հնարավոր է ցույց տալ ինչպես բարդ հույզերը, այնպես էլ որոշ հիվանդությունների առանձնահատկությունները: Օրինակ՝ նոյեմբերի 10-ին, կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված թատերական ներկայացում։

Արվեստն օգնում է հասնել դեռևս 2015 թվականին հիմնադրված կոնգրեսի գլխավոր նպատակին՝ «գիտությունն առանց սահմանների»։ Ըստ մասնագետի, այսօր կան բազմաթիվ «սահմաններ», որոնք խոչընդոտում են գիտության ոլորտում միջառարկայական և միջազգային համագործակցությանը։ Նոյեմբերի 8-ից 10-ը Հայաստանում Ռուս-հայկական համալսարանում անցկացվող USERN-ի 8-րդ համաժողովի կարգախոսն է՝  “United Science and Art: The Power For Peace”, թարգմանաբար՝ «Գիտության և արվեստի միասնություն. Ուժ հանուն խաղաղության»,

Ինչպես նշել է  համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռոքսանա Զաքարյանը, միջոցառման ընթացքում աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ ականավոր գիտնականներ հանդես կգան դասախոսություններով և սեմինարներ կանցկացնեն։ Միջոցառման գիտական ծրագրի հիմնական ուղղություններն են քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը և բժշկությունը։ Կլինեն նաև ելույթներ արվեստի ոլորտից՝ երաժշտական կատարումներ (USERN-ի նախագահն իր դասախոսությունից  հետո  դաշնամուր է նվագել), արտ-պերֆոմանսներ, թատերական ներկայացումներ, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների նկարների ցուցահանդես։

Միջոցառման շրջանակում անցկացվում է մինչև 40 տարեկան գիտնականների պարգևատրում, որոնք ներդրում  են ունեցել գիտության զարգացման գործում: Ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվելու է նոյեմբերի 10-ին՝  Գիտությունը հանուն խաղաղության և զարգացման  համաշխարհային օրվա առիթով, հիշեցում է  գլոբալ առաջընթացի ու ներդաշնակության ապահովման գործում   գիտական նորարարությունների փոխակերպող ուժի մասին։ Այս տարի, ինչպես նշել է մասնագետը, մրցանակ կստանա 5 գիտնական, որոնցից միայն երեքն են կարողացել գալ Երևան՝ համաժողովին մասնակցելու։

«USERN-ի համաժողովների և տարբեր վայրերում դրանց անցկացման նպատակը տարբեր կենտրոններից, տարբեր երկրներից գիտնականների ներգրավելն է, նրանց համագործակցության համար հարթակ ստեղծելը, հարթակ, որը վերացնում  է սահմանները ազգության, սեռական պատկանելիության, աշխարհագրական սահմանների միջև: Պատահական չէ, որ միջոցառման հիմնական կարգախոսն է «Գիտությունն առանց սահմանների»,- նշել է Ռոքսանա Զաքարյանը։

 

 



© NEWS.am Medicine