ՁԻԱՀ-ը մինչև 2030 թվականը կարող է ամբողջ աշխարհում վերանալ. ՄԱԿ 

20:11   28 նոյեմբերի, 2023

ՁԻԱՀ-ը կարող է ամբողջ աշխարհում վերանալ մինչև 2030 թվականը, եթե յուրաքանչյուր երկրում այս հիվանդության դեմ պայքարող համայնքներին անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ հատկացվեն, ասվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) կայքում հրապարակված զեկույցում, որից քաղվածքներ է ներկայացնում РИА Новости-ն։ 

«ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին (դեկտեմբերի 1-ին) ՄԱՁԻԱՀ-ը կառավարություններին կոչ է անում ամենուրեք զարկ տալ համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժին` առաջնորդելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: 

ՄԱՁԻԱՀ-ի նոր զեկույցը՝ «Առաջնորդությունը՝ համայքներին» ցույց է տալիս, որ ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք կարող է վերացվել մինչև 2030 թվականը, բայց միայն այն դեպքում, եթե առաջին գծում աշխատող համայնքները ստանան անհրաժեշտ աջակցությունը կառավարություններից և դոնորներից», - ասվում է փաստաթղթում:

Կազմակերպության տվյալներով՝ համայնքի կողմից իրականացվող արշավներն օգնել են բացել ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ընդհանուր դեղամիջոցների հասանելիությունը՝ հանգեցնելով հակառետրովիրուսային թերապիայի արժեքի կտրուկ նվազմանը՝ մեկ անձի համար տարեկան 25000 ԱՄՆ դոլարից 1995 թվականին մինչև 70 ԱՄՆ դոլար՝ ՄԻԱՎ-ի համաճարակից առավել տուժած շատ երկրներում:

«Դրանում (զեկույցում - խմբ.) ասվում է, որ Նիգերիայում համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, ավելացրել են ՄԻԱՎ-ի բուժման հասանելիությունը 64%-ով, կրկնապատկել են ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցների կիրառման հավանականությունը և քառապատկել են պահպանակների օգտագործումը ՄԻԱՎ վարակի վտանգի տակ գտնվող մարդկանց շրջանում: Այն (զեկույցը - խմբ.) նշում է, որ Տանզանիայում ՄԻԱՎ վարակի դեպքերը հասակակիցների խորհրդատուների փաթեթ ստացած սեռական աշխատողների շրջանում ավելի քան կեսով (5%) ցածր է եղել, քան ծրագրին չմասնակցած սեռական աշխատողների շրջանում (10,4%)»,- պարզաբանվում է փաստաթղթում։

Ըստ ՄԱՁԻԱՀ-ի՝ ամեն րոպե մեկ մարդ մահանում է ՁԻԱՀ-ի պատճառով, ամեն շաբաթ 4000 աղջիկ և երիտասարդ կին վարակվում է ՄԻԱՎ-ով, իսկ ՄԻԱՎ-ով ապրող 39 միլիոն մարդկանցից 9,2 միլիոնին հասանելի չէ անհրաժեշտ բուժումը:

«Մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ին վերջ դնելու ճանապարհ կա, բայց միայն այն դեպքում, եթե համայնքներն առաջնորդեն», - եզրափակում է զեկույցը:



© NEWS.am Medicine