Երեք օրում Հայաստանում ՍՇՎ–ով հոսպիտալացվածների թիվն ավելացել է 181–ով. մեծ մասը երեխաներ են

18:17   10 հունվարի, 2024

Հայաստանում սուր շնչառական վարակների տարածման ակտիվ փուլ է, որը համահունչ է սեզոնին։ Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ–համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ թիրախային խմբում երեխաներն են։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունն իրականացնում է մշտադիտարկում և շաբաթական,  և օրական կտրվածքով։ Օրական մշտադիտարկումը ցույց է տվել,  որ ՍՎՇ-ներն աճել են։ Դրա պատճառներից է նաեւ տոնական օրերին բժշկական կենտրոններ չդիմելը։

«Հունվարի 10-ի դրությամբ ՍՇՎ-ներով հոսպիտալացվածների թիվը 760 է։ Նրանց 92 %-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Թոքաբորբ ունի 287 պացիենտ, որոնց 62%-ը անչափահասներ են։ Հունվարի 10-ի տվյալով` վերակենդանացման բաժանմունքում է 84 պացիենտ։ Նրանց գերակշիռ մասը` 97%-ը, մինչև 18 տարեկան են»,– ասաց Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ վիճակը գրեթե նույնն է, իսկ հունվարի 7 -ի  համեմատ հայաստանյան հիվանդանոցներում հոսպիտալացվածների թիվն ավելացել է 181-ով, թոքաբորբով հիվանդների թիվը 181-ից հասել է 287-ի։ Երեքով պակասել է վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների թիվը։

Հայաստանում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները։ Տարածված են նաև սուր շնչառական վարակի մի քանի այլ տեսակներ:



© NEWS.am Medicine