Մեկ ֆոբիայի էքսպոզիցիոն  թերապիան կարող է  բուժել նաև այլ վախեր

18:38   14 հունվարի, 2024

Մարդիկ, որոնք օգտագործում են էքսպոզիցիոն թերապիան՝ մեկ ֆոբիայի հաղթահարման համար, կարող են բացահայտել, որ ավելի քիչ են վախենում այլ բաներից, պարզել են գիտնականները նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Translational Psychiatry ամսագրում:

Հաճախ է պատահում, որ ֆոբիաների հակված մարդկանց մոտ մեկից ավելի ֆոբիաներ են զարգանում, - ասում է Ռուրի համալսարանի վարքագծային և կլինիկական նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ, առաջատար հետազոտող Իրիս Կոձագան։

«Տագնապն ինքնիրեն չի առաջանում: Մի վախով տառապող հիվանդների մոտ հաճախ առաջանում է մեկ այլ վախ»,- նշել է գիտնականը։

Հետազոտողների կարծիքով, պարզվել է, որ  էքսպոզիցիոն թերապիան ամենաարդյունավետ բուժումն է ֆոբիաների համար: Թերապևտի հսկողության ներքո բախվելով վախ առաջացնող իրավիճակի՝  հիվանդները սովորում են հաղթահարել այն:

Սակայն երկար ժամանակ ենթադրվում էր, որ բազմաթիվ վախեր ունեցող մարդուն կպահանջի էքսպոզիցիոն թերապիայի բազմաթիվ փուլեր, որոնցից յուրաքանչյուրը ուղղված կլինի առանձին   ֆոբիայի, նշել է Կոձագան:

Այս ենթադրությունը մերժելու համար հետազոտողները սարդերի նկատմամբ վախը բուժելու համար կիրառեցին էքսպոզիցիոն թերապիա 50 մարդկանց շրջանում, որոնք նաև բարձրության վախ ունեին։

Թերապիան սկսելուց առաջ մասնակիցները լրացրել են հարցաթերթիկները և կատարել առաջադրանքներ՝  իրենց ֆոբիաների քանակային գնահատականի համար: Օրինակ, հետազոտողները արձանագրել են, թե մասնակիցները որքան են համարձակվում մոտենալ սարդին և որքան բարձր կարող են ելնել եկեղեցու բարձր աշտարակը:

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք անցել են սարդերի դեմ էքսպոզիցիոն  թերապիա,  բարձրության վախը նվազել է  միջինը  15%-ով:

Ըստ Կոձագիի, դեռ պարզ չէ, թե ինչու է էքսպոզիցիոն թերապիայի արդյունավետությունը մի վախից մյուսին տեղափոխվում:

Հնարավոր է, որ դա կապված լինի նրա հետ,  որ մարդիկ ավելի մեծ վստահություն են ձեռք բերում մեկ ուժեղ ֆոբիայի հաղթահարման արդյունքում, նշել է նա։



© NEWS.am Medicine