Ձմռանը գրեթե բոլորի մոտ վիտամինների անբավարարություն է նկատվում. բժիշկ

10:30   15 փետրվարի, 2024

Ձմռան ամիսներին D վիտամինի անբավարարությունն այնքան տարածված է, որ բոլորը հանգիստ կարող են գնել և օրական 2000 միավոր վիտամին ընդունել: Հայաստանում վիտամին D-ի անբավարարություն չկա միայն նրանց մոտ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ ծով են գնում և առանց արևապաշտպան քսուքների արևայրուք ստանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Աստղիկ ԲԿ էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը:

Նրա խոսքով, ձմռանը բնակչության շրջանում  C, D, B12 վիտամինների անբավարարություն է նկատվում: Գարնան սկզբին ավելանում է ավիտամինոզով՝ վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով հիվանդանոցներ դիմողների թիվը:

Վիտամինների անբավարարության ախտանիշները

 Վիտամիններից յուրաքանչյուրի անբավարարության դեպքում ախտանիշները տարբեր են:

«Ավիտամինոզ D-ի ժամանակ նկատվում են հոդացավեր, մկանային ձգվածություն, թուլություն: B12-ի պակասի ժամանակ ունենում են հոգնածություն, հևոց, մատներում թմրածություն, գլխապտույտ, թուլություն: Ֆոլաթթվի պակասի ժամանակ՝ նորից հևոց, թուլություն: Վիտամին C-ի պակասի դեպքում՝ նաև մազաթափություն, մաշկի չորություն»,-պարզաբանում է բժիշկ Նարինե Բեգլարյանը:

Խոցելի խմբեր

Վիտամինների անբավարարություն ավելի հաճախ հանդիպում է  քրոնիկ հիվանդություններ, ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցողների, 50-ն անց մարդկանց և երեխաների մոտ: Միջին տարիքի անձանց մոտ ավելի հազվադեպ է նկատվում ավիտամինոզ:

Հնարավոր հետեւանքներ

Եթե հայտնաբերվում է վիտամինների անբավարարություն, ապա դեղորայքային բուժում է հարկավոր: Հակառակ դեպքում, հետևանքները կարող են անդառնալի լինել:

Էնդոկրինոլոգի խոսքով, B12-ի անբավարարությունը կարող է վերջույթների նյարդաթելերի վնասման հանգեցնել, և եթե հիվանդությունը երկարատև լինի, վերջույթների ծակծկոցը, թմրածությունն ու ցավը կարող են այլևս չանցնել:



© NEWS.am Medicine