Ջղային եւ անհանգիստ մարդիկ սրտի հիվանդություններ ձեռք բերելու հակում ունեն. ЕНJ

10:30   20 փետրվարի, 2024

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները պարզել են, որ ջղային եւ անհանգիստ մարդիկ ավելի հաճախ կարող են ձեռք բերել սրտային հիվանդություններ։ Մասնավորապես, բնավորության այդ գծերը հարաբերակցել են փորոքների վատ աշխատանքի, զարկերակների կոշտացման եւ միոկարդի ֆիբրոզի հետ։ Արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում (ЕНJ)։

Հոգեկան առողջության եւ միոկարդի գործունեության միջեւ կապի ուսումնասիրման համար գիտնականների թիմը հետազոտել է 36 309 կամավորների սրտի ռենտգենյան պատկերները։ Հատուկ անձնական հարցարանների օգնությամբ պարզել են նաեւ բնավորության այն գծերը, որոնք բնորոշ են եղել յուրաքանչյուր մասնակցին։

Պարզվել է, որ փորձարկվողները, որոնց բնորոշ էր նեյրոտիզմը (անձի գիծ, որը բնութագրվում է անհանգստությամբ, ջղայնությամբ, տագնապայնությամբ, գրգռվողականությամբ եւ սեփական անձի հանդեպ անվստահությամբ), հակված են եղել սրտային հիվանդությունների ձեռքբերմանը։

Ռենտգենյան լուսանկարները ցույց են տվել, որ նման մարդիկ ավելի հաճախ են ունեցել փորոքների (սրտի հատվածներ, որոնք արյունն ստանում են նախասրտերից եւ այն մղում են զարկերակներ) գործունեության խանգարումներ, ձախ փորոքի զանգվածի նվազում, միոկարդի ֆիբրոզ։ Այս հատկությունները հարաբերակցվել են նաեւ զարկերակների կոշտացման հետ։ Նշվել է, որ կապը պահպանվել է՝ անկախ սրտի հետ կապված խնդիրների ռիսկի ավանդական գործոններից, ինչպիսին են ծխելը եւ ճարպակալումը։

Գիտնականները բացատրել են, որ իրենց հայտնագործությունն ընդգծում է հոգեկան եւ ֆիզիկական առողջության փոխազդեցությունը։ Նրանք ենթադրել են, որ հոգեթերապիան կարող է արդյունավետ լինել սրտի հիվանդությունների վտանգի նվազեցման համար։



© NEWS.am Medicine