3D-տպագրությունը թույլ է տալիս էժանացնել եւ արագացնել արհեստական աչքերի արտադրությունը. Nature

14:20   29 փետրվարի, 2024

Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի ակնաբույժները՝ տեխնիկական համալսարանի ղեկավարությամբ, ստեղծել են աչքերի արհեստական խնձորակի 3D-տպագրության նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս ավելի արագ արտադրել որակյալ պրոթեզներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Նշվել է, որ աչքի խնձորակի կորուստը կարող է տեղի ունենալ վնասվածքի կամ լուրջ հիվանդության հետեւանքով։ Սովորաբար էնուկլեացիայի (աչքի հեռացման) միջամտությունից հետո պացիենտները որոշում են ընդունում աչքի խնձորակը փոխարինել արհեստական անալոգով։ Այնուամենայնիվ, գիտնականների խոսքով՝ երբեմն նման անալոգները կարող են անհարմարավետ լինել եւ չհամապատասխանել էսթետիկական չափորոշիչներին։

Նոր տեխնոլոգիան հիմնված է 3D-տպագրության վրա՝ պոլիմերի օգտագործմամբ, որը նման է պոլիմեթիլմետակրիլատին կամ ակրիլախեժին։ Այդ նյութը հաճախ օգտագործում են ժամանակավոր պրոթեզների պատրաստման համար՝ երկարատեւ օգտագործման նպատակով։

Հետազոտողները բացատրել են, որ սովորաբար աչքի պրոթեզների պատրաստման պրոցեսը տեւում է մոտ ութ ժամ։ Բացի այդ, աչքերի արհեստական փոխարինումները կարող են թանկարժեք լինել։ 3D-տպագրությունը թույլ է տալիս արագացնել եւ էժանացնել դրանց արտադրությունը։

Տվյալները, որոնք օգտագործվում են 3D-տպագրության ծրագրավորման համար, գիտնականներն ստացել են օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի ընթացքում (աչքի կառուցվածքների ախտորոշիչ հետազոտություն)։ Այնուհետեւ նրանք կիրառել են համակարգչային մոդելավորում, որպեսզի ստույգ գնահատեն ապագա նմուշների չափն ու ձեւը տպագրությունից առաջ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ արհեստական խնձորակների արտադրության այս միջոցը օպտիմալ է, քանի որ տպագրությունը տեւում է ընդամենը վեց րոպե։ Բացի այդ, այս միջոցով արտադրված պրոթեզները բարձր կենսահամատեղելիություն ունեն։



© NEWS.am Medicine