Գիտնականները կապ են հայտնաբերել քաղցրացված ըմպելիքների օգտագործման եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկի միջեւ

08:42   6 մարտի, 2024

Շաբաթը երկու եւ ավելի լիտր քաղցրացված ըմպելիքներ օգտագործող չափահասների մոտ ավելի մեծ է եղել սրտի անկանոն ռիթմերի հավանականությունը, որը հայտնի է որպես նախասրտերի ֆիբրիլյացիա, վկայում է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Circulation: Arrhythmia and Electrophysiology ամսագրում։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ շաբաթը մեկ լիտր կամ ավելի քիչ ոչ քաղցր հյութի օգտագործումը, օրինակ՝ նարնջի կամ բանջարեղենի հյութը, կապված է նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման ցածր հավանականության հետ։

Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը կապել են նաեւ 2-րդ տեսակի դիաբետի եւ ճարպակալման հետ։

Նոր խոշոր հետազոտությունը, որում հավաքվել են տվյալներ Մեծ Բրիտանիայի Բիոբանկից, առաջիններից մեկն է, որում գնահատվում է քաղցրացված ըմպելիքների եւ շողացող առիթմիայի միջեւ կապը։ Նախասրտերի ֆիբրիլյացիան այն վիճակն է, երբ սիրտը անկանոն է զարկում, ինչը հինգ անգամ բարձրացնում է ինսուլտի վտանգը։ Սրտի ամերիկյան ասոցիացիայի  վիճակագրության համաձայն՝ մինչեւ 2030թ. շողացող առիթմիային կբախվի ավելի քան 12 մլն մարդ։

Գիտնականների ուսումնասիրությունը վկայել է հետեւյալի մասին.

Այն մարդկանց համեմատ, ովքեր չեն օգտագործում քաղցրացված ըմպելիքներ, շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը 20 տոկոսով բարձր է նրանց մոտ, ովքեր ասել են, որ շաբաթը ավելի քան 2 լիտր արհեստականորեն քաղցրացված ըմպելիք են օգտագործել, եւ 10 տոկոսով ավելի բարձր է այն մասնակիցների համեմատ, որոնք տեղեկացրել են, որ շաբաթը 2 լիտր քաղցրացված ըմպելիք են օգտագործում։

Նրանց մոտ, ովքեր հայտնել են, որ շաբաթը 1 լիտր զուտ մրգային հյութ են խմում, նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը 8 տոկոսով ավելի ցածր է եղել։

Հետազոտության մասնակիցները, որոնք քաղցրացված ըմպելիքներ են օգտագործել, ավելի հաճախ երիտասարդ կանայք են, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը եւ 2-րդ տեսակի դիաբետի հավանականությունն ավելի մեծ է եղել։

Տղամարդկանց շրջանում, որոնք օգտագործել են քաղցրացված ըմպելիքներ, եղել են մարմնի զանգվածի բարձր ինդեքս, սիրտ-անոթային հիվանդությունների ավելի մեծ տարածվածություն եւ ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երիտասարդներ։

Ծխելը նույնպես կարող է վտանգավոր լինել. շաբաթը ավելի քան 2 լիտր քաղցրացված ըմպելիք օգտագործած ծխողները 31 տոկոսով ավելի են հակված եղել նախասրտերի ֆիբրիլյացիա ունենալուն, այն դեպքում, երբ նախկին ծխողների կամ երբեք չծխողների մոտ նման վտանգի զգալի բարձրացում չի նկատվել։



© NEWS.am Medicine