Թոքախտի արագ հայտնաբերման համար ստեղծվել է մաշկային սպեղանի. JСВ

18:31   29 մարտի, 2024

Հարավաֆրիկայան Հանրապետության Պրետորիայի համալսարանի գիտնականները  մշակել են հատուկ սպեղանի, որն ընդունակ է մաշկի մակերեսին հայտնաբերել թոքախտ առաջացնող բակտերիայից արտազատվող որոշ քիմիական նյութեր:

Բժշկական Journal of Chromatography B (JCB) հանդեսում հրապարակված հետազոտությունում նշված է, որ թոքախտի պաթոգեն Mycobacterium tuberculosis-ով վարակված մարդիկ հաճախ նախքան ախտանիշներն ի հայտ գալը տեղյակ չեն լինում հիվանդության մասին:

Ըստ գիտնականների՝ թոքախտի հինգ դեպքերից երկուսը մնում է չախտորոշված կամ գաղտնի է զարգանում։ Ընդ որում, այս հիվանդության վաղ ախտորոշման ժամանակակից եղանակները բավականին թանկ են և բարդ։

Թոքախտի հայտնաբերման ընթացակարգը հեշտացնելու համար գիտնականները մշակել են նորարարական սպեղանի, որն ի վիճակի է հայտնաբերելու մաշկի վրա հիվանդություն առաջացնող բակտերիաներից արտազատվող նյութերը:

Նոր տեխնոլոգիան արդեն իսկ փորձարկվել է թոքախտով հիվանդ մարդկանց և առողջ կամավորների վրա։

Գիտնականները պարզաբանել են, որ մարդկանց դաստակներին ամրացված սպեղանին հագեցված է ռետինե «թակարդներով», որոնք ներծծում են մաշկից արտազատվող քիմիական միացությունները:

Հետազոտողները լաբորատորիայում բացահայտել են թոքախտով վարակվելը վկայող 27 նյութ: Ըստ հետազոտության հեղինակների՝ թոքախտի մարկերները հայտնաբերելու գործընթացը տևում է 30-ից 60 րոպե:

Բացի դրանից, հատուկ ցուցիչներով հագեցած սպեղանու առկայության դեպքում մարդիկ թեստավորման և արդյունքների բացատրությունը ստանալու համար ստիպված չեն լինի այցելել կլինիկա կամ հիվանդանոց:



© NEWS.am Medicine