Ստեղծվել է հակաբակտերիալ հիդրոգել չլավացող վերքերի բուժման համար. APL Materials

10:19   3 ապրիլի, 2024

Ցզիլինի համալսարանի չինացի գիտնականներն ստեղծել են իր տեսակի մեջ առաջին հակաբակտերիալ հիդրոգելը, որը նախատեսված է չլավացող վերքերի բուժման համար։ Հետազոտությունը հրապարակվել է APL Materials ամսագրում։

Հիդրոգելները մեծ պահանջարկ ունեն բժշկությունում՝ օգնելու համար մաշկային հիվանդությունների դեպքում եւ հյուսվածքային ինժեներիայում։ Բայց դրանք դժվար է պատրաստել, այդ նյութերն անկայուն են արտաքին ազդեցությունների հանդեպ, ինչպես, ասենք, շփումն է հագուստի, սավանի կամ վիրակապի հետ։ Այդ նյութերն իրենց բնույթով նաեւ չեն կարող պայքարել բակտերիալ վարակների դեմ, ուստի դրանք պետք է հարաբերակցել հակաբիոտիկների հետ, որոնք հաճախ դանդաղեցնում են բջիջների աճն ու խանգարում ապաքինմանը։

Մասնագետները լուծել են այդ խնդիրները՝ սովորական Gel-MA հիդրոգելին ավելացնելով  պոլիլիզին ամինաթթուն եւ թրոմբոցիտներով հարուստ արյան պլազմա։ Պոլիլիզինը գործում է որպես բնական հակաբիոտիկ եւ ճնշում միկրոօրգանիզմները, իսկ արյան պլազման արագացնում է հյուսվածքների ապաքինումը։ Այդ հավելումները նաեւ նյութն ավելի կայուն են դարձրել։

Գիտնականների խոսքով՝ Gel-MA, պոլիլիզին եւ պլազմա բաղադրությունը գելի է վերածվում 30 վայրկյանում, ուլտրամանուշակագույն լամպի տակ, այն դեպքում, երբ ստանդարտ հիդրոգելերը պետք է մերթ ընդ մերթ սառեցնել, որպեսզի դրանք պահպանեն իրենց ճկունությունը։

Հետազոտողներն ակնկալում են, որ իրենց ստեղծած նյութը կօգնի դիաբետ եւ այլ հիվանդություններ ունեցող պացիենտներին, որոնց մաշկի վերքերը չեն լավանում։



© NEWS.am Medicine