Սեւ թեյը ապաակտիվացնում է SARS-CoV-2-ը թքի մեջ. FEV

15:13   9 ապրիլի, 2024

Ջորջիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ թեյն առանց կաթի եւ շաքարի կարող է ապաակտիվացնել SARS-CoV-2-ը թքի մեջ, ինչը մասամբ խանգարում է վիրուսի ներթափանցմանը շնչառական համակարգի ստորին հատվածներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food and Environmental Virology (FEV) ամսագրում։

ԱՄՆ գիտնականների հետազոտության նպատակը թեյի հինգ տեսակների (կանաչ, սեւ, ազնվամորու զինգերի, էվկալիպտի եւ անանուխի) հակաբակտերիալ եւ հակավիրուսային հատկությունների ուսումնասիրությունն էր։ Հետազոտողները ըմպելիքը պատրաստել են առանց կաթի եւ շաքարի՝ օգտագործելով յուրաքանչյուր մեկ թեյի փաթեթ մեկ բաժակի համար։ Հետո թեյը թրմել են տասը րոպե եւ հերթով ավելացրել կորոնավիրուսով վարակված մարդկանց թքի նմուշներ։

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ թեյի բոլոր հինգ տեսակները իջեցրել են վիրուսի ակտիվությունն առնվազն 96 տոկոսով 10 վայրկյանի ընթացքում։ Ամենաարտահայտված հակավիրուսային հատկություններն ունեցել է սեւ թեյը. այն կարողացել է ապաակտիվացնել SARS-CoV-2-ը 99,9 տոկոսով։

Գիտնականները նշել են, որ վիրուսը սկզբում բազմանում է բերանի խոռոչում եւ անցնում կոկորդով՝ թոքերին հասնելուց առաջ։ Նրա ապաակտիվացումը բերանում կարող է խոչընդոտել շնչառական համակարգի ստորին հատվածներում վիրուսի հայտնվելուն։ Հետազոտողների խոսքով՝ թեյը հակաբակտերիալ եւ հակավիրուսային ազդեցության համար պարտական է պոլիֆենոլներին՝ հատուկ բուսական միացություններ նրա բաղադրությունում։ Պարզելու համար, թե արդյոք արդյունավետ է թեյով բերանի ողողումը կորոնավիրուսի դեմ պայքարում իրական պայմաններում՝ հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ մարդկանց մասնակցությամբ։



© NEWS.am Medicine