Գիտնականներ. Շունտավորման վիրահատությունների ժամանակ կանայք ավելի են ենթակա արյան կորստի և մահվան վտանգի, քան տղամարդիկ

08:27   15 ապրիլի, 2024

Նյու Յորքի Weill Cornell Medicine-ի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ կանայք ավելի   են հակված վիրահատության ժամանակ արյան՝ մասնավորապես, արյան կարմիր մարմնիկների  կորստի, քան տղամարդիկ:

Նրանք վերջերս իրենց արդյունքները հրապարակել են American College of Cardiology ամսագրում:

Գիտնականները եզրակացրել են, որ իմանալով, որ վիրահատության հետ կապված անեմիան մեծացնում է հիվանդ կանանց համար վտանգը, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն, որոնք կարող են բարելավել նրանց գոյատևումը աորտոկորոնար շունտավորման վիրահատության ժամանակ:

Նոր ուսումնասիրությունը հիմնված է շունտավորման վիրահատություն ունեցած ավելի քան մեկ միլիոն հիվանդների տվյալների վրա, որոնք հավաքագրվել են Կրծքավանդակի վիրաբույժների ընկերության կողմից:

Այս թվերը հաստատել են  տարբերությունն ըստ սեռի. շունտավորման վիրահատությունից մահացել էր  տղամարդկանց 1,7%-ը, իսկ կանանց 2,8%-ը, ինչպես հետազոտողներն են նշել, տարբերությունը  գրեթե 50% է կազմել:

Այնուհետև նրանք դիտարկել են հնարավոր գործոնների լայն շրջանակ, որոնք կարող էին առաջացնել այս տարբերությունը: Նրանք հաշվի են առել հիվանդների տարիքը, էթնիկ պատկանելիությունը, սրտային հիվանդությունների ծանրությունը, նախկինում  սրտի նոպաների և այլ հիվանդությունների առկայությունը:

Ուշադրության է արժանացել միայն մեկ գործոն. թվերը վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ իգական սեռի հիվանդների մոտ դիտարկվող բարձր ռիսկային դեպքերի 38%-ը կարող է կապված լինել վիրահատության ժամանակ արյան կարմիր մարմնիկների կորստի հետ։ Այս վիճակը հայտնի է ներվիրահատական անեմիա անունով:

Ինչպես բացատրել է հետազոտական խումբը, որոշակի  չափի անեմիան անխուսափելի է, քանի որ արհեստական արյան շրջանառության սարքը, որը պաշտպանում է հիվանդների կյանքը նման վիրահատությունների ժամանակ, արյունը  նոսրացնող հեղուկներ է օգտագործում:

Սակայն,  հետազոտողների կարծիքով, միջինում կանանց մարմնի փոքր չափսերը և այն փաստը, որ նրանք, որպես կանոն, շունտավորման վիրահատության են գալիս արյան կարմիր մարմնիկների ավելի փոքր քանակով, քան տղամարդիկ,  նրանց ավելի խոցելի է դարձնում ներվիրահատական անեմիայի նկատմամբ։



© NEWS.am Medicine