PLOS ONE. Պարը կարող է ավելի արդյունավետ լինել նիհարելիս, քան ֆիթնեսը

10:37   16 ապրիլի, 2024

Չինաստանի Հունանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները հաստատել են, որ պարելն օգնում է նիհարելուն։ Ավելին, նման պարապմունքները կարող են ավելի արդյունավետ լինել, քան դասական ֆիթնեսը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Բազմաթիվ նախորդ հետազոտություններ ցույց են տվել, որ քաշ կորցնելու կամ առողջ քաշը պահպանելու ամենաարդյունավետ մեթոդը առողջ սննդակարգն ու կանոնավոր ֆիզիկական վարժություններն են: Սակայն գիտնականները տեղեկացվել են, որ շատերի համար կարող է դժվար լինել հետևել այդ խորհուրդներին և մարզասրահ հաճախել: Նոր աշխատանքի (մետավերլուծության) նպատակն է՝ գնահատել պարելու ներուժը, որպես նիհարելու միջոց։

Ընդհանուր առմամբ գիտնականները վերլուծել են պարի պարապմունքների արդյունավետության վերաբերյալ 10 հետազոտություն։ Նրանք պարզել են, որ նիհարելու համար պարելը հարմար է ինչպես մի փոքր ավելորդ քաշ ունեցող, այնպես էլ գեր մարդկանց համար: Բացի այդ, ըստ գիտնականների, պարի միջոցով քաշի կորուստը կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան դասական ֆիթնեսի պարապմունքները: Բանն այն է, որ պարի պարապմունքների ժամանակ մարդու ուշադրությունը կենտրոնանում է պարապմունքից ստացած դրական հույզերի վրա, ինչը թույլ է տալիս նրան չսևսռվել հոգնածության զգացողության վրա և ավելի երկար մարզվել։

Հետազոտողները նաև հաստատել են, որ պարը ոչ միայն օգնում է նիհարել, այլև բարձրացնում է մկանների տոնուսը և բարելավում հավասարակշռության զգացողությունը։

Գիտնականներն ավելացրել են, որ ճարպերի այրման և մկանների աճի համար առավել արդյունավետություն են դրսևորել կրեատիվ պարերը (օրինակ՝ բրեյքդանսը կամ հիփ-հոփը): Ավանդական (ժողովրդական) պարերով զբաղվելիս հետազոտության մասնակիցների մարմնի կազմում փոփոխություններն այնքան էլ ընդգծված չեն եղել:





© NEWS.am Medicine