Daily Mail. Ընդհատվող ծոմապահությունը հարմար չէ երեխաների և դաշտանային ցիկլից առաջ գտնվող կանանց համար 

14:37   16 ապրիլի, 2024

 Հիվանդությունից ապաքինվող մարդիկ, երեխաները, դեռահասները և կանայք, որոնք ցիկլի լյուտալային փուլի սկզբում են, ցանկալի է, որ հրաժարվեն ընդհատվող ծոմապահության մեթոդով նիհարելուց: Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Ռոբ Հոբսոնը։

Ընդհատվող ծոմապահությունը բժշկական պրակտիկա է (և դիետա), որը ենթադրում է սննդից հրաժարվելու և դրա օգտագործման ժամանակահատվածների պլանավորում: Ըստ ընդհատվող ծոմապահության ամենատարածված 16/8 սխեմայի, մարդը կարող է ուտել 8 ժամվա ընթացքում, իսկ հետո՝ 16 ժամ հրաժարվել սննդից: Որոշ գիտական ​​ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս մեթոդով սնվելն օգնում է ավելի լավ վերահսկել ախորժակը  և նիհարել, քան բազմաթիվ այլ դասական դիետաներ:

Սակայն, սննդաբանի կարծիքով, ընդհատվող ծոմապահությունը հարմար չէ բոլորի համար: Դրանից պետք է հրաժարվեն երեխաները և դեռահասները, քանի որ նրանց մարմինը (հատկապես ոսկորները) դեռ աճում և զարգանում են: Այդ պատճառով սննդից սննդանյութերը պետք է մատակարարվեն առանց ընդհատումների։ Նաև խորհուրդ չի տրվում ծոմ պահել նրանց, ովքեր սննդի լրացուցիչ կարիք ունեն, ինչպիսիք են հղիները կամ հիվանդությունից ապաքինվող մարդիկ:

Բժիշկը հավելել է, որ կանանց դաշտանային ցիկլի որոշակի օրերի նման սննդակարգին հետևելը դժվար է և ոչ խելամիտ։ Դա պայմանավորված է նրանով, որ լյուտալային փուլում (օվուլյացիայից մինչև դաշտանի սկիզբը ընկած ժամանակահատվածը), որոշ կանայք քաղց են զգում և սննդի տենչ՝ ավելի շատ էներգիայի կարիքի և ավելի արագ նյութափոխանակության պատճառով, որը պրոգեստերոն հորմոնի ավելացման հետևանք է: Ընդհատվող ծոմապահությունը կարող է նաև խորացնել տրամադրության փոփոխությունները, հոգնածությունը և անհանգստությունը դաշտանից առաջ:





© NEWS.am Medicine