Հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք տարիներ անց վաղաժամ մահվան բարձր ռիսկի են ենթարկվում

19:40   16 ապրիլի, 2024

ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական ​​կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք ծնվել են առողջական բարդություններ, մասնավորապես պրեէկլամպսիա ունեցող մայրերից, մահանալու ավելի բարձր ռիսկի են ենթարկվում ծննդաբերությունից առաջ, ընթացքում և հետո: Սակայն նման մայրերի երկարաժամկետ հեռանկարների մասին քիչ բան է հայտնի:

Այս նոր աշխատանքում հետազոտական ​​թիմը փորձել է պարզել՝ արդյոք հղիության և/կամ ծննդաբերության ընթացքում լուրջ խնդիրներն ի վիճակի են ազդելու մայրական մահացության մակարդակի վրա: Դա պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են Շվեդիայում 1973-2015 թվականներին ծննդաբերած 2,2 միլիոն կանանց բժշկական փաստաթղթերը: Տվյալների բազան պարունակում էր նաև տեղեկություն նույն կանանց առողջական վիճակի մասին՝ նրանց հասունացմանը զուգընթաց:

Գիտնականները պարզել են, օրինակ, որ հղիության ընթացքում շաքարախտից տառապող կանանց մահացության մակարդակն աճել է մինչև 53%, իսկ վաղաժամ ծննդաբերած կանանց շրջանում՝ 41%-ով։ Պարզվել է նաև, որ միջինից ցածրահասակ երեխաներ լույս աշխարհ բերածների շրջանում այդ ցուցանիշն աճել է 30%-ով:

Արյան հիվանդություններից տառապող, սակայն պրեէկլամպսիայի հետ առնչություն չունեցող կանանց և պրեէկլամպսիայից տառապող կանանց շրջանում այս ցուցանիշն աճել է համապատասխանաբար 27%-ով և 13%-ով:

Հետազոտողները հաշվի են առել նաև ցուցանիշների վրա ազդելու ունակ այլ գործոններ, ինչպիսին են շրջակա միջավայրը և գենետիկան՝ ուսումնասիրության մեջ ներառելով եղբայրներին ու քույրերին:

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ որոշ կանանց շրջանում մահացության աճը շարունակվել է նաև տարեց հասակում:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ բժիշկները իրենց հիվանդների առողջական վիճակը գնահատելիս պետք է հաշվի առնեն հղիության բարդությունները:

Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչու են նման կանայք մահանալու ավելի մեծ ռիսկի ենթակա:



© NEWS.am Medicine