ALSFTD. Ավտոտնակում քիմիական նյութեր պահելը մեծացնում է սկլերոզի զարգացման հավանականությունը

16:32   17 ապրիլի, 2024

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ տներին կից ավտոտնակներում բենզին, թունաքիմիկատներ, ներկեր և փայտամշակման պարագաներ պահելը կարող է մեծացնել ամիոտրոֆիկ կողային սկլերոզի զարգացման հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Amyotrophic Lateral Sclerosis and Frontotemporal Degeneration (ALSFTD) ամսագրում:

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել ամիոտրոֆիկ կողային սկլերոզով 600 հիվանդների և առողջ կամավորների շրջանում։ Հարցվածները պատասխանել են այն հարցին, թե ինչպիսի տներում են ապրում իրենք: Հետազոտողները նաև խնդրել են մասնակիցներին հայտնել, թե որտեղ են պահում այգեգործության պարագաները, թունաքիմիկատները, ներկանյութերը և փայտամշակման գործիքները:

Նշվում է, որ ամիոտրոֆիկ կողային սկլերոզը կամ ALS-ն հիվանդություն է, որը բնութագրվում է գլխուղեղի և ողնուղեղի բջիջների ախտահարմամբ և դիսֆունկցիայով, որոնք պատասխանատու են մկանային շարժումների համար (կենտրոնական և ծայրամասային շարժիչ նեյրոններ):

Ստացված տվյալների վերլուծության արդյունքում, գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք  քիմիական նյութեր են պահում տներին կից ավտոտնակներում, ավելի հաճախ է ամիոտրոֆիկ կողային սկլերոզ զարգանում: Բանն այն է, որ ներկերը, թունաքիմիկատները, լաքերը և տնային տնտեսության համար անհրաժեշտ շատ այլ նյութեր պարունակում են թունավոր բաղադրիչներ։ Դուռը բացելու դեպքում կից ավտոտնակից տոքսին պարունակող նյութերի թափանցումը բնակելի տարածք  կարող է նեյրոնների վնասվածք առաջացնել՝ հանգեցնելով ALS-ի զարգացմանը:





© NEWS.am Medicine