Obesity. Նախաճաշից առաջ մարզվելը նպաստում է  ավելի արագ նիհարելուն

14:19   18 ապրիլի, 2024

Առավոտյան ժամը յոթից ինն ընկած ժամանակահատվածում դատարկ ստամոքսով ֆիզիկական ակտիվությունը արագ և արդյունավետ քաշի կորուստ է ապահովում։ Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Ֆրանկլին Փիրսի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Obesity Society's Journal-ում:

Հետազոտության ընթացքում գիտնականները տեղեկություններ են հավաքել 5 հազար մարդկանց մարզումային գործունեության մասին, որոնք ցանկանում էին ազատվել ավելորդ քաշից։ Որպեսզի հետևեն, թե երբ են մասնակիցները մարզվում, հետազոտողները հրահանգել են նրանց դիտարկման ընթացքում դաստակներին հատուկ ֆիթնես ապարանջաններ կրել: Փորձի վերջում գիտնականները արձանագրել են, թե որքան ավելորդ քաշ են կորցրել փորձարկվողները։

Պարզվել է, որ դատարկ ստամոքսով առավոտյան մարզումները (7:00-ից 9:00-ն ընկած ժամանակահատվածում) նպաստել են քաշի ավելի արդյունավետ կորստի: Գիտնականները բացատրել են, որ գիշերային ծոմից հետո գլյուկոզայի մակարդակը, որը մկաններն առաջին հերթին որպես վառելիք են օգտագործում, ցածր է լինում: Սա նշանակում է, որ վարժություններ կատարելու համար էներգիան օրգանիզմը ստանում է առավելապես եղած ճարպային պաշարներից:

Գիտնականները ճշտել են, որ նիհարելու համար առավոտյան մարզումները պարտադիր չէ, որ երկարատև լինեն։ Ճարպերն այրելու համար բավարար կլինեն 40 րոպեանոց աերոբիկ վարժությունները, ինչպիսիք են վազքը կամ հեծանվավազքը:





© NEWS.am Medicine