LiveScience. Շոգ եղանակը մեծացնում է սթրեսի վիճակում գտնվող մարդկանց ագրեսիվությունը

22:29   19 ապրիլի, 2024

Շոգ եղանակը կարող է մեծացնել ագրեսիան այն մարդկանց մոտ, որոնք արդեն անբարենպաստ հուզական վիճակում են: Սակայն օդի բարձր ջերմաստիճանն ինքնին չի ազդում տրամադրության վրա։ Այս մասին Live Science պարբերականին պատմել է ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Ռոբերտ Փիքմանսը։

Նոր հետազոտության ընթացքում Փիքմանսը և նրա գործընկերները փորձին մասնակցելու համար 900 կամավորի են հրավիրել։ Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի և տեղավորել  71,6 աստիճան Ֆարենհայթ (22 աստիճան Ցելսիուս) և 86 աստիճան Ֆարենհայթ (30 աստիճան Ցելսիուս) օդի ջերմաստիճաններ ունեցող երկու սենյակում։ Այնուհետև մասնակիցները ենթարկվել են որոշումներ կայացնելու և ճանաչողական կարողությունների վերաբերյալ ստանդարտ թեստերի:

Արդյունքները ցույց են տվել, որ ավելի տաք սենյակում գտնվող մարդիկ ավելի հաճախ են բողոքել քնկոտությունից, սակայն նրանց որոշումներ կայացնելու ունակությունը և հուզական վիճակը  գրեթե չեն փոխվել:

Հետազոտության լրացուցիչ փուլում գիտնականները որոշել են մասնակիցների մոտ հուզական սթրես առաջացնել։ Սուբյեկտներին ասել են, որ նրանցից յուրաքանչյուրը վիրտուալ հաշվում որոշակի քանակությամբ միավորների սեփականատեր է դարձել (միավորները չեն հավասարեցվել դրամական պարգևի): Այնուհետև կազմակերպիչները հայտարարել են, որ յուրաքանչյուր մասնակից կարող է որոշակի քանակի միավորներ  զրոյացնել իր հետ սենյակում գտնվող որևէ մեկի հաշվում: Ընդ որում, բոնուսները «ջնջել» որոշողը դրանից ոչ մի շահ չէր ստանում։

Պարզվել է, որ ավելի տաք սենյակում գտնվող մարդիկ ավելի հաճախ և ավելի հաճույքով էին միավորներից զրկում  իրենց սենյակակիցներին։ Գիտնականները ենթադրել են, որ շոգ եղանակը կարող է մեծացնել ագրեսիան (ներառյալ թաքնված ագրեսիան) արդեն իսկ սթրեսի վիճակում գտնվող մարդկանց մոտ:





© NEWS.am Medicine