Health. 55 տարեկանից բարձր մարդկանց մոտ սուսանակով հիվանդացության դեպքերն աճել են հինգ անգամ

13:34   22 ապրիլի, 2024

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները ցույց են տալիս, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն ավելի տարածված են դառնում 55 տարեկանից բարձր մարդկանց մոտ, հայտնում է Health.com-ը։

Ըստ CDC-ի վերջին զեկույցի, 55-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում սուսանակի (հոնորեա) դեպքերի թիվը 2012-ից 2022 թվականներին աճել է մոտավորապես հինգ անգամ: Քլամիդիայի դեպքերը եռապատկվել են, իսկ սիֆիլիսինը՝ աճել 80%-ով։

Այս միտումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել և պահպանել սեռական ակտիվությունը։ Սրան նպաստում են էրեկտիլ դիսֆունկցիայի և հեշտոցի՝ դաշտանադադարի հետ կապված, չորության բուժման դեղամիջոցները:

Սակայն 55-ից բարձր տարիքի մարդիկ հաճախ բավարար չափով տեղյակ չեն սեռավարակների կանխարգելման և թեստավորման մասին, ինչը կարող է պատճառ հանդիսանալ հիվանդացության աճի համար: Բժիշկներն իրենք են հաճախ անտեսում  հիվանդների այս տարիքային խմբի սեռական կյանքը՝ չառաջարկելով նրանց հետազոտություններ իրականացնել։ Բացի այդ, տարիքի հետ վարակի թափանցման բնական խոչընդոտները թուլանում են. նվազում է հեշտոցի թթվայնությունը և արգանդի վզիկի լորձի արտադրությունը, իսկ հեշտոցային հյուսվածքը բարակում է:

Գիտնականները եզրակացրել են, որ 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց պետք է տրամադրվեն անվճար պահպանակներ և քսանյութեր, կրթական ծառայություններ, պատվաստումներ և կանխարգելիչ միջոցներ, ինչպիսին դոքսիցիկլինն է։ Այս ծառայությունների գովազդը պետք է տեղադրվի այնտեղ, որտեղ տարեցներն ավելի հաճախ են լինում։





© NEWS.am Medicine